ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | փետրվար

մրտ 11, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ

փեետ

 

Գրողների միջազգային օրը շնորհավորելով՝ ներկայացնենք, թե որ գրողներին են ամենաշատը կարդացել հայաստանյան գրադարաններում: Հայաստանի հանրային և համայնքային գրադարանների ամենաշատ սպասարկված գեղարվեստական գրքերի ցուցակի առաջին հորիզոնականի անվիճելի առաջատարը Հովհաննես Թումանյանն է. փետրվարը հիրավի Ամենայն Հայոց Բանաստեղծի ամիսն է: Թումանյանի բանաստեղծությունների, պոեմների, քառյակների և հեքիաթների գրքերը նախորդ ամիս ամենից շատն են սպասարկվել։

Երկրորդ տեղում ժամանակակից բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» վեպն է։ Ընթերցողները հերթ են պահում նաև նրա «Կույսերը» և հունվար ամսին հայերեն լույս ընծայված «Ցասում» վեպերը կարդալու համար։ Երրորդը ժամանակակից սիրված գրող, 9 վեպի և էսսեների, հոդվածների, պատումների ժողովածուի հեղինակ Աշոտ Աղաբաբյանն է, որի «Գաղտնիքների տիրակալը» վեպը, ինչպես նաև արցախյան պատերազմների մասին «Սև հովազ»-ի երկու գրքերը երևանյան գրադարաններում մրցակից չունեն։

Ամենապահանջված գրքերի տասնյակում են Րաֆֆու «Սամվել» և Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը», ժամանակակից հայ արձակագիր Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքը։ Օտար հեղինակների գրքերից տասնյակում են նաև Մարիս Բերզինշի «Կապարի համը», Վիրջինիա Վուլֆի «Միսիս Դելուեյ» և Լյուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան կանաչ կտուրներից» վեպերը։

Ընթերցանության պատկերը դիտարկենք առանձին և տեսնենք, թե որ մարզերի ընթերցողները որ հեղինակներին են նախապատվություն տվել փետրվարին։ Թումանյանն ամենաշատ ընթերցված հեղինակն է եղել Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Արմավիրում ամենաշատը կարդացել են նաև Ագաթա Քրիստիի «Հինգ խոզուկներ»-ը: Շիրակի մարզային գրադարանում ամենաբարձր պահանջարկն ունեցել է Ռեմարկի «Հաղթական կամար» վեպը։

Տավուշցիները Րաֆֆու «Սամվելն» են շատ կարդացել։ Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզները» առաջատարն է գրողի հայրենի Արագածոտնի մարզում։ Իսկ Արարատի և Կոտայքի մարզերում ամենապահանջված գիրքը Ռուբեն Եսայանի «Թունելից 13կմ հեռավորության վրա» սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է եղել։ Երևանցիները նախապատվություն են տվել Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» գրքին: