Հեռախոսահամար
օգս 14, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ
Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Միքայել Արուտչյան, Տաճատ Խաչվանքյան… Արվեստագետների մի ամբողջ համաստեղություն էր ներգրավվել գրահրատարակչական ոլորտում՝ Հայպետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի նախաձեռնությամբ:
Թամանյանական փոքր ցուցասրահում գրքային ձևավորումների ցուցադրության առիթը գրադարանի կազմակերպած «Հեքիաթը Մարտիրոս Սարյանի արվեստում և հայկական հեքիաթների սարյանական նկարազարդումները» խորագրով հանրային դասախոսությունն էր: Բանախոսը՝ արվեստաբան, Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուհի Սահակյանն անդրադարձավ գրական աշխարհի հետ Մարտիրոս Սարյանի սերտ առնչությանը, նրա գրքային ձևավորումներին, հատկապես հեքիաթների ձևավորմանը:
Հայկուհի Սահակյանը պատմեց 1930 թվականին Մոսկվայում Սարյանի ձևավորմամբ լույս տեսած «Հայկական հեքիաթներ» ռուսերեն ժողովածուի մասին: Գրքում գրաֆիկական պատկերները ներկայացնում են հայոց աշխարհի բնությունն ու ճարտարապետական կոթողները: 1933-ին վերահրատարակված գրքի էջերում արդեն սարյանական հեքիաթային հերոսներն են, հեքիմները, հուրիներն ու կենդանիները: Սարյանը ձևավորել է նաև գրքի շապիկն ու ֆորզացը:
«Գրքի փոքր թերթի դաշտում նա փորձել է խտացնել, ներկայացնել Հայաստանն ամբողջապես, Հայաստանի համայնապատկերը ստեղծել, ինչը տեսնում ենք նաև նրա կտավներում, պետական թատրոնի համար ստեղծված վարագույրում։ Սարյանի այդ բնափիլիսոփայական հայացքները դրսևորվել են նաև գրքային նկարարազարդումների նմուշներում»,- նշում է Սահակյանը։
Հայաստանի ազգային պատկերասրահում շարունակում է գործել Մարտիրոս Սարյանի գրքարվեստին նվիրված ցուցադրությունը, որտեղ ներկայացված են նաև գրքերի եզակի նմուշներ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուից:
Ազգային գրադարանի հարուստ հավաքածուի շատ նմուշներ ցուցադրված են նաև թամանյանական փոքր ցուցասրահում: Ազգայինի ցուցադրության բացառիկ արժեքը հավաստեցին նաև գրադարանի այսօրվա հյուրերը՝ պատկերասրահի ցուցահանդեսի համադրողներ Հայկուհի Սահակյանն ու Սեդա Խանջյանը: Գրքարվեստի, գրքային ձևավորումների մասնագետ, մեծ նկարիչ Գրիգոր Խանջյանի դուստր Սեդա Խանջյանը գոհունակությամբ նշեց, որ իր համար բացահայտում էին որոշ գրքերի ձևավորումներ, մասնավորապես Ակսել Բակուցի «Անձրևը»՝ Հակոբ Կոջոյանի և Գեղամ Սարյանի «Միջօրեն»՝ Հովհաննես Շավարշի ձևավորմամբ:
Միջոցառման ավարտին Հայկուհի Սահակյանը Ազգային գրադարանին նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահի կազմած ու հրատարակած «Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» ցուցահանդեսի եռալեզու կատալոգը: Պատկերագրքում ամփոփված են շուրջ 90 գրքային բարձրարժեք նկարազարդումներ, անվանի գրողների գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարներ՝ հետաքրքիր տեղեկություններով և բնագրային մեջբերումներով: Կատալոգում ներառված են նաև Հայաստանի ազգային գրադարանի գրաֆոնդի գրքերը: