Հեռախոսահամար
նմբ 20, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ
Ազգային գրադարանի հերթական հանրային դասախոսությունը «Ճանապարհ դեպի Նախիջևան կամ ինչպես սկսեցի Նախիջևանի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությունը» խորագրով էր: Բանախոսը պատմաբան, հայագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանն էր:
Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին Արգամ Այվազյանի՝ շուրջ երկու ժամ տևողությամբ զրույց-դասախոսությունը, բանահավաքչական բազմաթիվ արտոնված և գաղտնի այցելությունների պատմությունները, այդ գործունեության ընթացքում նրա կրած հալածանքները։
Այվազյանը ներկայացրեց Նախիջևանի մշակութային և նյութական ժառանգությանը նվիրված հեղինակային շուրջ 60 գրքերը: Իր եզակի լուսանկարչական արխիվից նա ցուցադրեց մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնք նկարել է Նախիջևանի հայկական բնակավայրերում բազմամյա հավաքչական աշխատանքների ընթացքում։ 1964-1987 թվականներին Նախիջևանում կատարած իր ուսումնասիրությունների ընթացքում Այվազյանն անձամբ արձանագրել է 89 գոյություն ունեցող վանքեր և եկեղեցիներ, որոնք այսօր այլևս չկան։ Նա հաշվել և փաստագրել է 5840 գեղարվեստական մշակված խաչքարեր, իսկ ընկած գերեզմանաքարերի թիվը գնահատվում է 22.000, որոնք այժմ ջարդուփշուր են արված և ոչնչացված։