ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Երվանդ Տեր-Խաչատրյան «Ռազմիկ Դավոյան. մեկ ժամ պոեզիա»

մրտ 04, 2024 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

երվ.տ.խաչ.
 

«Մեր գրական լեզուն նոր թարմությամբ ու նոր հմայքով փողփողաց, ծավալվեց ու շողաց իր բանաստեղծություններում, մեզ բոլորիս ծանոթ պարզ բառերը նոր գույներ ու երանգներ ստացան»:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի պոեզիան նորովի ու անակնկալ բացահայտումներով ներկայացրեց արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը Ազգային գրադարանի կազմակերպած «Ռազմիկ Դավոյան. մեկ ժամ պոեզիա» հանրային դասախոսության ընթացքում: Բանախոսն առանձին շեշտադրումներով անդրադարձավ «Հայոց լեզվի վերջին մեծատաղանդ բանաստեղծ» Դավոյանի բանաստեղծական արվեստին՝ պոետիկային, նրա բանաստեղծության ակունքներին, բանաստեղծական խոսքի տպավորիչ արտահայտչականությանը, քնարական հուզականությամբ լեցուն սիրերգությանը և այն:

«Երբ «Հայրենիքի ձայն»ում կարդացի իր «Անտուն ուղևորներ» բանաստեղծությունը, հիացմունքից շունչս կտրվեց. բանաստեղծությունը կատարյալ էր ամեն ինչով՝ գեղեցկությամբ, խոսքով, մարդասիրությամբ ու դրամատիկական խորքով, արվեստով, ներքին երաժշտականությամբ, հայերեն խոսքի մաքրագույն հոսումով»,- ասաց Երվանդ Տեր-Խաչատրյանը:

Բանախոսը Ռազմիկ Դավոյանի ստեղծագործական ուղին ներկայացնելու համար բազմաթիվ համեմատություններ արեց եվրոպական գրողների և արվեստագետների գործերի հետ: Երվանդ Տեր-Խաչատրյանն ընդգծեց, որ Դավոյանը խորապես կապված էր հայ դասական պոեզիայի մեծ և հարուստ ավանդներին և միաժամանակ իր բանաստեղծական մտածողությամբ արդիական ու ժամանակակից էր:

Նա մեկը մեկից սքանչելի բանաստեղծություններ ասաց՝ Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում ներկա դավոյանական պոեզիայի սիրահարներին համակելով բարձր բանաստեղծական արվեստի մոգական հմայքով: Պոեզիայի ժամը րոպեի պես անցավ: Ունկնդիրը դահլիճից հեռացավ՝ համակված Դավոյանի հոյակապ պոեզիայով՝ լեցուն ներքին գեղեցկությամբ և ուժով, հայոց լեզվի անեղծ երաժշտականությամբ, պայծառ, լուսավոր, խորապես մարդկային և վսեմ: