ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գրքեր դոկտոր Ռուբինա Փիրումյանի անձնական գրադարանից

հլս 22, 2024 Նորություններ Նվիրատվություններ

pirumyan
 

Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուների համալրումը ոչ մի օր չի դադարում: Օրերս ազգային գրադարանը ստացել է ճանաչված գրականագետ, հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, դոկտոր Ռուբինա Փիրումյանի 459 միավոր գրքերի նվիրատվությունը։ Գրքերը շատ բազմազան են՝ գրականություն, գրականագիտություն, լեզվաբանություն, պատմություն և հասարակագիտական այլ առարկաների վերաբերյալ։ Դրանք լույս են տեսել Հայաստանում, Իրանում, Լիբանանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Ռուբինա Փիրումյանը սովորել է Թեհրանի պետական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետում։ 1978 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանի միջին-արևելյան լեզուների ֆակուլտետում։ Փիրումյանը սփյուռքահայ գրականության պատմությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Նա ուսումնասիրել է հայերի ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ։ Դոկտոր Փիրումյանը հեղինակել է «Հայոց ցեղասպանությունը, 1915-1923։ Ուղեցույց աշակերտների և ուսուցիչների համար» (1988) դասագիրքը Կալիֆոռնիայի պետական դպրոցների աշակերտների համար: Հայաստանի ազգային գրադարանը հավաքում, մշակում և պահպանում է հայերեն և օտար լեզուներով աշխարհում լույս տեսած գրքերը՝ անկախ դրանց հրատարակման վայրից։ Նշանավոր հայագետի անձնական գրադարանի գրքերը շուտով հասանելի կլինեն գրադարանի ընթերցողներին։