Հեռախոսահամար
մյս 24, 2024 Միջոցառումներ Կինոակումբ
Մայիսի 21-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Սինե Ակումբի հերթական ֆիլմի ցուցադրությունը։ Օրը նվիրված էր ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100 ամյակին։ Էկրանին էր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա » ֆիլմը։ Այստեղ գլխավոր հերոսին մարմնավորում է հենց Շառլ Ազնավուրը։
Ֆիլմը հիմնված է Դևիդ Գուդիսի "Ներքևում" վիպակի վրա։ Այն մի հայ ընտանիքի մասին է, որի զավակը՝ Ազնավուրի մարմնավորած Էդուարդ Սարոյանը, դժբախտ սիրո պատճառով վերջ է տվել դաշնակահարի իր հաջող կարիերային։ Ու ահա երբ թվում է, թե նա նոր սեր է գտել, և ամեն ինչ բարելավվում է, հաջորդում է ճակատագրի հերթական հարվածը:
Կինոռեժիսոր, կինոգետ Գարեգին Զաքոյանի խոսքերով շատ հետաքրքիր է նշանավոր երգիչ, շանսոնյե Ազնավուրին տեսնել որպես դերասան,քանի որ հենց նա է եղել Տրյուֆոյի ոգեշնչման աղբյուրը այս ֆիլմը ստեղծելիս։ Նշենք նաև,որ 2013 թվականին «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում։
Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: