Հեռախոսահամար
սպտ 23, 2024 Միջոցառումներ Կինոակումբ
Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեց Սինե-ակումբի հերթական ֆիլմը` Էրիկ Ռոմերի «Կանաչ ճառագայթը»։ Ֆրանսիական «նոր ալիքի» ամենաինքնատիպ ռեժիսորներից մեկի` Էրիկ Ռոմերի գլուխգործոցը քննում է ինքնության և ինքնաբացահայտման հարցերը։
«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի նախագահ Գարեգին Զաքոյանի խոսքով՝ Ռոմերը շատ ինքնատիպ ռեժիսոր է, ունի իր յուրահատուկ ոճը։ Ֆիլմի անվանումը կապված է մի հազվադեպ բնական երևույթի հետ, երբ մայրամուտի վերջին պահին արևի ճառագայթները կարող են մի քանի վայրկյանում կանաչ երանգ ստանալ։ Ֆիլմի վերջում գլխավոր հերոսը` Դելֆինը, փորձում է տեսնել այդ կանաչ ճառագայթը, ինչը խորհրդանշում է իր կյանքում ինչ-որ ավելի խոր ու կարևոր բան տեսնելու և հասկանալու՝ նրա ցանկությունը։
Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։ Կինոակումբի հերթական ցուցադրությունը սեպտեմբերի 30-ին՝ 19:00-ին է: Մուտքն ազատ է։