Հեռախոսահամար
հլս 22, 2024 Միջոցառումներ Կինոակումբ
Սինե ակումբի՝ «Ժյուլ և Ջիմ» ֆիլմով եզրափակվեց Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվող կինոդիտումների գարուն-ամառ շրջանը։ «Ժյուլ և Ջիմ»-ը կնոջ «ագահության» մասին է»,- այսպիսի բնորոշում տվեց «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, կինոգետ Գարեգին Զաքոյանը։ Նա նշեց, որ ֆիլմը «Նոր ալիքի» ռեժիսոր Գոդարի կողմից շատ բարձր է գնահատվել։
«Ֆիլմը իր ձևով և ոճով շատ նորալիքային է. թեև պատմական իրադարձություններ է ներկայացնում` (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ), բայց այն դիտելուց դա չես նկատում, տպավորություն է՝ 20-րդ դարի 60-70-ականների նկարագրություն է»,- ասաց կինոգետը։ Ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Փարիզում ապրող երկու ընկերների՝ ավստրիացի Ժյուլի ու ֆրանսիացի Ջիմի մասին։ Մի անգամ նրանք թանգարանում մի անտիկ, հնագույն արձան են տեսնում և «սիրահարվում» արձանին։ Շուտով նրանց կյանքում հայտնվում է այդ արձանին շատ նման մի կին և հմայում նրանց։ Երկար տարիներ երկու ընկերներն ապարդյուն սպասում են, թե նա իրենցից ում է ընտրելու։ Կատրինը մեկ հայտարարում է, որ սիրում է մեկին, ապա՝ մյուսին, հետո էլ՝ երկուսին։
Ֆիլմը Ֆրանսիացի գրող Անրի Պիեռ Ռոշեի համանուն կիսաինքնակենսագրական վեպի էկրանավորումն է։ 2010 թվականին Empire ամսագիրը ֆիլմն ընդգրկել է «Համաշխարհային կինոյի 100 լավագույն ֆիլմերը» ցանկի 46-րդ հորիզոնականում։ Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության / Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ՝ կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին: Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: Տեղեկացնենք՝ ֆրանսիական ֆիլմերի նոր եթերաշրջանը կվերսկսվի սեպտեմբերի կեսերից։