ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Կլոդ Շաբրոլի «Սիրուն Սերժը»

ապր 25, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

sirun serjy filmi ditum
 

Ազգային գրադարանային շաբաթի և Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում ցուցադրվեց Սինե-ակումբի հերթական ֆիլմը: Այս անգամ կինոսերների ուշադրությանը ներկայացվեց Կլոդ Շաբրոլի «Սիրուն Սերժը» ֆիլմը։

Ֆիլմի նկարահանումները կատարվել են ֆրանսիական Սարդան գյուղում, որտեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին անցել է ռեժիսոր Կլոդ Շաբրոլի մանկությունը։ «Կլոդ Շաբրոլը մանկուց, ինչպես ասում են, տոգորված էր կինոյի հանդեպ շատ մեծ սիրով։ Նա, որ Փարիզից գյուղ էր տեղափոխվել պատերազմի պատճառով, արդեն 12 տարեկանում կինոակումբ է ստեղծում, ֆիլմեր, ժապավեներ էր գտնում և ներկայացումներ կազմակերպում գյուղի երեխաների համար»,- ֆիլմի ցուցադրությունից առաջ ասաց կինոգետ Արթուր Վարդիկյանը՝ խոսելով ռեժիսորի մանկության, նրա հետաքրքրասիրությունների և տաղանդի մասին։

«Սիրուն Սերժը», որը մեծ էկրան է բարձրացել 1958 թվականին, շատ մեծ հաջողություն է բերել սկսնակ ռեժիսորին։ Կինոգետի խոսքով՝ այն համարվում է Նոր ալիքի հիմնադիր, սկզբնավորող ֆիլմը, թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ֆրանսիայից դուրս արժանացել է շատ մեծ գնահատանքի և մրցանակների։

Ամփոփելով կինոակումբի շրջանակում գրադարանում ցուցադրված ֆիլմերի արդյունքները՝ Արթուր Վարդիկյանը նշեց, որ նոր ալիքի այդ բոլոր չորս ֆիլմերում էլ նկատելի է «ապրումը նորի ու հնի միջև, ինչը ևս պատահական չէ»։ Հավելենք, որ Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։