Հեռախոսահամար
հկտ 02, 2026 Միջոցառումներ

Լեզուները միավորում են․ Եվրոպական լեզուների օրը՝ Հայաստանի ազգային գրադարանում Հայաստանի ազգային գրադարանի ներքին բակում այսօր նշվեց Լեզուների եվրոպական օրը՝ համախմբելով դպրոցականների, ուսանողների, լեզուների սիրահարների, դիվանագիտական և կրթամշակութային շրջանակների ներկայացուցիչների։ Միջոցառումը կազմակերպվել էր Գյոթե-ինստիտուտի Goethe-Institut Armenien և Եվրամիության ազգային մշակութային կազմակերպությունների հայաստանյան կլաստերի EUNIC Armenia, European Union in Armenia նախաձեռնությամբ՝ Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։
Միջոցառման բացմանը ներկա էր Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Հայաստանում Վասիլի Մարագոսը, ով ողջունեց ներկաներին և խոսեց լեզուների ու մշակույթների միջև երկխոսության կարևորության մասին։ Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշեց, որ գրադարանը Լեզուների եվրոպական օրվա միջոցառումը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ -Եվրոպական լեզուների օրը հենց Ազգային գրադարանում նշելը խորհրդանշական է, քանի որ Ազգային գրադարանում պահպանվում է 101 և ավելի լեզուներով գրականություն։ Այսօր, երբ ապրում ենք արհեստական բանականության դարաշրջանում, և գրեթե ցանկացած տեղեկատվություն կարելի է գտնել մեկ սեղմումով, ավելի է կարևորվում գրադարանների առաքելությունը։
Գրադարաններն այլևս չեն մրցում տեղեկատվության ծավալով։ Այսօր դրանք շարունակում են մնալ ամենավստահելի կառույցներից մեկը, որտեղ պահպանվում են սկզբնաղբյուրները, մշակութային ժառանգությունն ու գիտելիքը։ - Հավելեց Աննա Չուլյանը։ Օրվա ընթացքում հյուրերը մասնակցեցին բազմալեզու ընթերցումների, լեզվական արագ դասընթացների, վիկտորինաների և ինտերակտիվ խաղերի։ Երեխաների համար գործում էր հատուկ անկյուն՝ խաղերով և գրականությամբ, իսկ երաժշտական ծրագիրը ևս նվիրված էր Եվրոպայի լեզուներին ու մշակույթներին։ Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև մասնագիտական ֆորում՝ «Լեզուների դասավանդման մեթոդաբանություն․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով՝ Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած բանախոսների մասնակցությամբ։
