Հեռախոսահամար
ապր 18, 2026 Միջոցառումներ

Հայաստանի ազգային գրադարանում Դպրոցական գրադարանի վերափոխում. Ավտոմատացման օրինակելի մոդել խորագրով հանդիպում-քննարկմամբ մեկնարկեց հոբելյանական 25-րդ #Ազգային_գրադարանային_շաբաթը։ Այսօր դպրոցական գրադարանը գործում է որպես ուսումնական և տեղեկատվական կենտրոն, որտեղ աշակերտները կարող են ոչ միայն օգտվել գրքերից, այլև զարգացնել հետազոտական հմտություններ, աշխատել էլեկտրոնային աղբյուրների հետ և ձեռք բերել տեղեկատվական գրագիտություն։ Կարևոր դեր ունի գրադարանի ինտեգրումը ուսումնական ծրագրերի մեջ՝ համագործակցելով ուսուցիչների հետ և աջակցելով դասավանդման գործընթացին։ Հանդիպմանը մասնակցում էին Երևանի դպրոցներից ավելի քան 80 գրադարանավարներ, ովքեր ակտիվորեն ներգրավվեցին մասնագիտական քննարկումներում։
Ներկաներին ողջունեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ անդրադառնալով թեմայի կարևորությանը, ոլորտում առկա արդիական հարցերին և դրանց լուծման հեռանկարներին։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին գրադարանային կառավարման ժամանակակից մոտեցումներ, ավտոմատացման արդյունավետ գործիքներ և հաջողված փորձի օրինակներ։ -Դպրոցական ժամանակակից գրադարանների մոդելը ձևավորվում է կրթական միջավայրի փոփոխվող պահանջներին համահունչ՝ վերածվելով ոչ միայն գրքերի պահպանման վայրի, այլև ուսումնական գործընթացի ակտիվ բաղադրիչի։ Ժամանակակից մոդելի կարևոր ուղղություններից է ավտոմատացումը և թվայնացումը․ էլեկտրոնային կատալոգներ, առցանց գրանցումներ, թվային գրադարաններ, որոնք հեշտացնում են գրքերի որոնումն ու հասանելիությունը և խնայում ժամանակը։- Իր խոսքում նշեց Աննա Չուլյանը։
Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Ներսես Հայրապետյանը ներկայացրեց նաև կարևոր նախաձեռնություններ՝ նշելով, որ Հայաստանի գրադարանների տարվա գլխավոր միջոցառման՝ Ազգային գրադարանային շաբաթի ընդառաջ, Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ ԻՖԼԱ-ի (Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնություն) կայքում հայերեն թարգմանությամբ հրապարակվել է ԻՖԼԱ-ՅՈՒՆԵՍԿՕ դպրոցական գրադարանի 2025 թվականի հռչակագիրը։ Քննարկումներին մասնակցում էր նաև ՀԱԳ Սպասարկման բաժնի վարիչ Տաթևիկ Թամազյանը։ Հանդիպումն անցավ կառուցողական և մասնագիտական ակտիվ մթնոլորտում՝ հնարավորություն տալով մասնակիցներին կիսվել փորձով, բարձրացնել ոլորտային խնդիրներ և քննարկել դրանց լուծման ուղիները։ Մասնակիցները գրադարանի կողմից ստացան նաև նոր հրատարակություններ՝ նվեր․ չինական ժամանակակից պատմվածքների հայերեն թարգմանություններ։ #Ազգային_գրադարանային_շաբաթ_2026
