Հեռախոսահամար
նմբ 06, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ
Հակոբ Օշականի խոսքով՝ մեր քնարերգության մեծագույն փառքերեն մեկի, եթե ոչ մեծագույնի՝ արևմտահայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի 140-ամյակի առթիվ գրականության ցուցադրություն բացվեց և հանրային բանախոսություն անցկացվեց Հայաստանի ազգային գրադարանում: «Դանիել Վարուժանը պսակը եղավ մեր հայրենանվեր քերթողության» (Հ. Օ.): Միջոցառմանը Վարուժանի մասին խոսք ասաց Սպասարկման բաժնի գիտական ընթերցասրահի ենթաբաժնի վարիչ Արևիկ Զախարյանը:
Հանրային բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ, դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը: Բանախոսը շնորհակալություն հայտնեց Ազգային գրադարանին, որ իրեն ներշնչել է ևս մի անգամ խորամուխ լինել Դանիել Վարուժանի պոեզիայի, ստեղշագործության աշխարհում: Գրականագետը ներկայացրեց ի՛ր Վարուժանին, իր համար նորովի՛ բացահայտված մեծ գրողին: Մարգարիտա Խաչատրյանը նշեց, թե հայտարարում է, որ իր արձակուրդն անցկացնելու է Ազգային գրադարանում, որտեղ նորանոր բացահայտումներ է անում միշտ:
«Իսկ բաղձանքս,- եթե կուզեք,- բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա»,- փափագում էր վաղամեռիկ, բայց այնքան հասուն, տաղանդավոր գրով օժտված, հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի, ազգային ոճի դրոշմը կրող պոեզիա ստեղծած արևմտահայ մեծ բանաստեղծը: Այսօր կարող ենք ասել, որ բանաստեղծի բաղձանքն իրականացվել է: