ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզը | հունիս

սպտ 07, 2023 Նորություններ Հայաստանյան տասնյակ

Untitled design -  june   
 

Ամառային կիզիչ արևն ու տոթը խոչընդոտ չեն ընթերցասերների համար։ Ավելին, դպրոցական ամառային արձակուրդն է պայմանավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի գրադարանների գեղարվեստական գրքերի հունիսյան տասնյակը։ Հանրապետության գրադարաններում գեղարվեստական ամենապահանջված գրքերի տասնյակն Ազգայինն ամփոփում և ներկայացնում է 2023-ի հունվարից։ Հունիսյան ցուցակն ունի մի շարք առանձնահատկություններ։ Նախ, առաջին անգամ ցուցակում գերակշռում են հայ հեղինակների գրքերը, ինչն, ինչպես վերևում նշեցինք, պայմանավորված է ամառային արձակուրդով։ 

Դպրոցական ամառային ընթերցանության ցանկերում են Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» (Пленники Барсова ущелья) և «Որսորդական պատմվածքներ», Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի, Նար-Դոսի և Ստեփան Զորյանի պատմվածքները, Թոթովենցի (Ваа́н Тотове́нц, Vahan Totovents) «Կյանքը Հին Հռովմեական ճանապարհի վրա» (Жизнь на старой римской дороге), Մուրացանի «Գևորգ Մարզպետունին», Շիրվանզադեի «Արտիստը», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան» («Дневник крестокрада»), «Խենթ», «Սամվել» գրքերը, որոնք ամենապահանջվածն են եղել գրեթե բոլոր մարզերում։ ՀՀ-ում հանրային և համայնքային գրադարաններում հունիսին ամենաշատ սպասարկված գրքերի համադրված ցուցակում միայն երկու արտասահմանյան գրող կա (Ջոջո Մոյես և Խալեդ Հոսեյնի), մարզային գրադարանների թոփ տասնյակների առաջին հորիզոնականում էլ սոսկ Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» և Ագաթա Քրիստիի «Արևելյան ճեպընթացը» վեպերն են։ 

Ցուցակի մյուս նշանակալի առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ թոփ տասնյակում ընդգրկել ենք նաև Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տվյալները։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրադարանների ընթերցողների գրական ճաշակները և հետաքրքրությունները հար և նման են։ Վերջին ամիսներին ամենապահանջված արտասահմանյան գրողը՝ Ագաթա Քրիստին, կարծես թե զիջում է դիրքերը։ Հունիսյան թոփ տասնյակներում նրա դետեկտիվներից դեռևս կա 8 գիրք, որոնցից միայն «Արևելյան ճեպընթացը» գիրքն է առաջին հորիզոնականում։ Ամառը շարունակվում է։ Հետաքրքիր կլինի հետևելը, թե հուլիս-օգոստոսին ո՛ր գրքերը կձևավորեն մեր գրադարանային քարտեզները։