Հեռախոսահամար
հնս 11, 2024 Նորություններ Նվիրատվություններ
Որպես եզակի ազգային հաստատություն Հայաստանի ազգային գրադարանը օրենքով սահմանված կարգով Հայաստանում լույս տեսնող գրականության պարտադիր օրինակներ է ստանում, որոնք մշտական պահպանության համար համալրում են Ազգային գրադարանային հավաքածուն։ Մինչդեռ սփյուռքի բազմաթիվ օջախներում լույս տեսնող հրատարակությունները մեզ են հասնում հայկական մշակութային կազմակերպությունների կամ էլ անհատների միջոցով։ Ազգային գրադարանի հավաքածուն տարիներ ի վեր համալրող բազմաթիվ նվիրյալներից մեկը ճանաչված լրագրող, հրատարակիչ, ավելի քան երեք տասնյակ սեփական կամ թարգմանական գրքերի հեղինակ Վաչե Ղազարյանն է։
Հալեպում ծնված Վաչե Ղազարյանը ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա Վահան Թեքեյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված դոկտորական թեզ է պաշտպանել հայրենիքում։ Մինչև 1994 թվականը տարբեր պաշտոններ է վարել Ռամկավար ազատական կուսակցությունում, որից հետո ամբողջությամբ նվիրվել է թարգմանական և հրատարակչական աշխատանքներին։ Վերջերս դոկտոր Ղազարյանը գրադարանին իր կողմից 1995թ. հիմնադրված «Մայրենի» հրատարակչության հինգ անուն գիրք է նվիրել։ Ազգային գրադարանը պարոն Ղազարյանի հետ Համաձայնության պայմանագիր ունի և նրա բոլոր գրքերը ազատ օգտագործման համար տեղադրված են գրադարանի թվային պահոցում։