ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ազգային գրադարանային հավաքածու - 105

մրտ 01, 2024 Միջոցառումներ

Anivv
 

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը տոն է բոլոր ընթերցասերների, գրքի մարդկանց համար: Գիրք նվիրելու օր հռչակված այդ տոնին՝ փետրվարի 19-ին, Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային հավաքածուն 105 տարեկան է» խորագրով միջոցառում։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ներկայացրեց ազգային գրադարանային հավաքածուի ստեղծման պատմությունը, հավաքածուի ձևավորման այսօրվա և վաղվա մարտահրավերները։ Միջոցառմանը մասնակցում էին մեր գործընկեր հրատարակիչներ, գրադարանի նվիրատուներ, հանրապետության մարզային և համայնքային գրադարանների աշխատողներ, գրքի, ընթերցանության և գրադարանների աջակիցներ։

Chulyan grqi ton
 

Միջոցառման ընթացքում հրապարակվեցին երեք հրատարակչությունների անունները, որոնք 2023 թվականին անթերի են կատարել Ազգային գրադարանային հավաքածուի հանդեպ ունեցած պարտավորությունները։ «Էդիթ Պրինտ», «Վան Արյան» և «ՎՄՎ պրինտ» հրատարակչություններին հանձնվեցին «Տարվա օրինապահ հրատարակիչ» վկայագրեր և խորհրդանշական մրցանակներ։

Ազգային գրադարանում Գիրք նվիրելու օրը հատկանշական էր ավելի քան 25 մարզային և համայնքային գրադարանների համար, որոնք վերջին տարիներին լույս տեսած արժեքավոր գեղարվեստական և մանկական գրականություն նվեր ստացան ՀՀ Նախագահից։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Ազգային գրադարանին տրամադրեց «Համանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի 1100 օրինակ՝ քաղաքային և մարզային գրադարաններին բաշխելու համար։ Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը նշեց, որ ուրախությամբ են միացել Ազգային գրադարանի նախաձեռնությանը՝ օրվա խորհրդին համահունչ։

Xmbakayin

Ազգային գրադարանն այսօր նվերների պակաս չունեցավ։ Գրադարանին 100 անուն գիրք նվիրեց նաև Երևանի Շարլ Ազնավուրի անվան գրադարանը. գրքերից 20-ը գրադարանում պակասող՝ զրո օրինակ են, կամ դրանցից գրադարանը սոսկ 1-2 օրինակ ունի: «Ոչ մի օր առանց նվերի» նշանաբանով ամբողջ շաբաթվա ընթացքում գրադարանին կշարունակեն նվերներ հանձնել տարբեր հայաստանյան և սփյուռքյան կազմակերպություններ և անհատներ։ Այսօր գրադարանը ևս հանդես եկավ նվիրատուի դերում։ Գրադարանի մուտքի մոտ տեղադրված նվիրատվության գրքանիվին դրվեցին գրադարանի առանձնացրած գիրք-նվերները, որոնք մեծաթիվ ընթերցողների համար օրը խորհրդանշող հաճելի անակնկալ նվերներ դարձան: