Հեռախոսահամար
փտր 07, 2025 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ
Հունվարի 31-ին Հայաստանի ազգային գրադարանում Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հանրային բանախոսություն ներկայացրեց «Տերյան մշակութային կենտրոն» հ/կ նախագահ Առուշան Հակոբյանը։
Բանախոսը ներկայացրեց Վահան Տերյանի կյանքը նրա մանկության տարիներից մինչև Լազարյան ճեմարանում նրա ուսումնառության տարիները, բանաստեղծական առաջին փորձերից մինչև Հովհաննես Թումանյանի և Ավ. Իսահակյանի օրհնությամբ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի տպագրությունը, երիտասարդ բանաստեղծի կյանքի թիֆլիսյան տարիները, նրա մասնակցությունը Վերնատան քննարկումներին։ Պարոն Հակոբյանն իր խոսքը համեմում էր Տերյանի բանաստեղծությունների ասմունքով և վերլուծությամբ։ Նա անդրադարձավ նաև բանաստեղծի հասարակական-քաղաքական գործունեությանը մինչև Տերյանի վերջին գործուղումը, հիվանդությունը և մահը։
Ազգային գրադարանում գրքային ցուցահանդես է բացվել նվիրված Վահան Տերյանի 140-ամյակին։ Ցուցահանդեսում ներկայացված են բանաստեղծի երկերը և առանձին ժողովածուները, նրա կատարած թարգմանությունները, նրա մասին գրականագիտական և բանասիրական ուսումնասիրությունները, Տերյանին նվիրված պատկերագրքեր, նոտաներ և լուսանկարներ։ Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 7-ը։