Հեռախոսահամար
սպտ 08, 2026 Նորություններ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 11։00-ին, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի առաջին հարկում տեղի կունենա նոր, «Աջակից ընթերցասրահի» բացման արարողությունը։ «Աջակից ընթերցասրահը» ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ որպես հատուկ նախագիծ՝ Հայաստանի ազգային գրադարանի սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար։
Նոր ընթերցասրահի ստեղծումը կարևոր քայլ է գրադարանային ծառայություններն առավել ներառական և մատչելի դարձնելու ուղղությամբ։ Այն հնարավորություն կտա հենաշարժողական խնդիրներ և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող, կույր և թույլ տեսողությամբ, ինչպես նաև տպագիր նյութերի ընթերցանության դժվարություններ ունեցող՝ դիսլեքսիա, հիպերլեքսիա, ալեքսիա և այլ առանձնահատկություններ ունեցող անձանց օգտվելու Հայաստանի ազգային գրադարանի տարածքից և գրականությունից՝ իրենց կարիքներին համապատասխան մատչելի ձևաչափերով։ Ընթերցասրահը համալրված կլինի ձայնագրքերով, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային ձևաչափերով հրատարակություններով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Դրանք կնպաստեն հատուկ կարիքներ ունեցող ընթերցողների համար գրադարանային ծառայությունների առավել հասանելի, հարմարավետ և արդյունավետ կազմակերպմանը։
«Աջակից ընթերցասրահի» նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր ընթերցող, անկախ իր ֆիզիկական հնարավորություններից կամ ընթերցանության առանձնահատկություններից, կարող է ազատորեն օգտվել գրադարանի ռեսուրսներից, կրթական և մշակութային հնարավորություններից։ Բացման արարողությանը կմասնակցեն սահմանափակ կարողություններ ունեցող անձինք, Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներ, գործընկերներ և հրավիրված հյուրեր։
«Աջակից ընթերցասրահի» բացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ազգային գրադարանի՝ ներառականության, հավասար հասանելիության և ժամանակակից գրադարանային ծառայությունների զարգացմանն ուղղված քաղաքականության շրջանակում։ Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է իր գործունեության շրջանակում զարգացնել այնպիսի միջավայր և ծառայություններ, որոնք գրադարանը հասանելի են դարձնում հասարակության բոլոր խմբերի համար։
