ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Եղիշե Չարենց. մատենագիտություն» գրքի շնորհանդես

նմբ 21, 2023 Նորություններ

newsevents (11)
 

2023թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալել էր չարենցասերներին՝ միասին նշելու, Լուի Արագոնի խոսքով, իր պայծառ անունով 20-րդ դարի ճակատը պսակած բանաստեղծ Եղիշե Չարենցի մատենագիտության լույսընծայումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ազգային գրադարանի կազմած և հրատարակած «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» գիրքն ամփոփում է Չարենցի՝ 1914-2022 թթ. լույս տեսած երկերը, նրա կազմած, խմբագրած, թարգմանած գրքերը, Չարենցի մասին հրատարակությունները։ 

newsevents (6)-1


newsevents (9)-1

 newsevents (8)-1
 

Գրքի գլխավոր խմբագիր, չարենցագետ Դավիթ Գասպարյանը և պատասխանատու խմբագիր, Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը գիտական բարեխղճությամբ և մատենագետի համբերատարությամբ ստուգել և ճշտել են ցանկում ներկայացված բոլոր հրատարակությունների մասին մատենագիտական տվյալները։ Միջոցառմանը ելույթ ունեցան գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, գրքի խմբագիրները, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ներկայացուցիչ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։ 

newsevents (5)-1

Շնորհանդեսը Ազգային գրադարանի հարուստ չարենցագիտական հավաքածուն նոր նվերներով համալրելու լավ առիթ եղավ։ Չարենցի մակագրությամբ գրքի բացառիկ նվիրատվություն արեց «Սոխո Սենթր» ընկերությունը, որը գրադարանին նվիրեց Գարեգին Բեսին՝ Չարենցի ընծայագրով գիրքը։ Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Չարենցի՝ գերմաներեն թարգմանությամբ մի գիրք նվիրեց, որը գրադարանը չուներ։ Չարենցի տուն-թանգարանը գրադարանին նվիրեց թղթային և էլեկտրոնային չարենցյան տարբեր հրատարակություններ։ 

newsevents (7)-1


Միջոցառման ավարտին իր անզուգական կատարմամբ հանդիսատեսին գրադարանի թամանյանական մեծ դահլիճից Ամենտի երկիր տարավ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Այնուհետև միջոցառման մասնակիցները դիտեցին չարենցյան հրատարակությունների՝ գրադարանում բացված ցուցադրությունը։ Հ1 հեռուստաընկերությունը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Ալիք մեդիա» լրատվական-վերլուծական կայքը և շուրջ 10 այլ լրատվամիջոցներ լուսաբանեցին միջոցառումը։

newsevents (10)