ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Մարտիրոս Սարյան․ Վարպետի հիշատակին»՝ մշակութային ժառանգության արժևորման երեկո ՀԱԳ-ում

մյս 26, 2026 Միջոցառումներ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանում Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ կայացավ «Մարտիրոս Սարյան․ Վարպետի հիշատակին» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի հիշատակին։ Միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացվեցին գրադարանի հավաքածուներում պահպանվող Մարտիրոս Սարյանին նվիրված գրքեր, ալբոմներ, բացիկներ, Վարպետի նկարազարդումներով հայերեն և օտար լեզուներով հրատարակություններ, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի մի շարք հրատարակությունները։ Միջոցառման շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Հայաստանի ազգային գրադարանին նվիրեց Վարպետի ստեղծագործությունների տարբեր տարիների ցուցահանդեսների ազդագրերի հարուստ հավաքածու, ինչպես նաև տուն-թանգարանի մի շարք նոր հրատարակություններ։

ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում ընդգծեց, որ ազդագրերն առանձնահատուկ մշակութային արժեք ունեն՝ ոչ միայն որպես տեղեկատվական նյութեր, այլ որպես տարբեր ժամանակաշրջանների գեղարվեստական մտածողության, հաղորդակցության և մշակութային կյանքի զարգացման կարևոր վկայություններ։ Դրանք միաժամանակ արժեքավոր աղբյուր են հետազոտողների համար՝ արվեստի պատմության, ցուցադրական մշակույթի և մշակութային հիշողության ուսումնասիրության տեսանկյունից։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանի ազգային գրադարանը ձեռնամուխ է եղել ինչպես սեփական հավաքածուներում պահպանվող, այնպես էլ նվիրաբերված ազդագրերի ամբողջական թվայնացման և հանրահռչակման գործընթացին։ Այս նախաձեռնության շրջանակում շուտով Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայքում կգործարկվի «Մարտիրոս Սարյան» թվային հավաքածուն, որտեղ մեկ միասնական հարթակում հասանելի կլինեն ՀԱԳ հավաքածուներում պահպանվող ոչ գրքային հրատարակությունները՝ նվիրված Մարտիրոս Սարյանի ժառանգությանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը և տուն-թանգարանի Ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզան Սարյանը՝ ընդգծելով մշակութային հաստատությունների համագործակցության կարևորությունը ազգային մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրայնացման գործում։ Միջոցառումը միտված էր Մարտիրոս Սարյանի ստեղծագործական ժառանգության արժևորմանը և հանրայնացմանը՝ վերահաստատելով Հայաստանի ազգային գրադարանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի արդյունավետ համագործակցությունը։