Հեռախոսահամար
հնվ 23, 2025 Նորություններ Նվիրատվություններ
Հայաստանի ազգային գրադարանը վերջերս լրագրող Մարկ Գրիգորյանից նվեր ստացավ «Երևանը 17-21-րդ դդ քարտեզներում» ալբոմը՝ ըստ Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում 2023թ. նոյեմբեր-դեկտեմբերին կազմակերպված համանուն ցուցահանդեսի։ Գրքի հեղինակներն են Մարկ Գրիգորյանը և Արմինե Սարգսյանը: Ներկայացված են ցուցանմուշներ ճարտարապետության թանգարանի և Երևանի պատմության թանգարանի հավաքածուներից, «Կոլաժ» հրատարակչության տրամադրած նյութերից, ինչպես նաև Մարկ Գրիգորյանի, Հայկ Դեմոյանի և Հայկ Թամանյանի անձնական հավաքածուներից։ Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի ազգային գրադարանը՝ իր հավաքածուներից քարտեզների եզակի օրինակներ տրամադրելով։ Մասնավորապես՝ Ալեքսանդր Թամանյանի հեղինակած Երևանի 1932 թ. և Մ. Աստվածատուրյանցի հեղինակած Երևանի 1920 թ. հատակագծերը:
Գիրքը ցույց է տալիս քաղաքի զարգացումը՝ փոքր ամրոցից մինչև միլիոնանոց մեծ քաղաք՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը։ Եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) ալբոմում զետեղված են ավելի քան 40 եզակի քարտեզներ, գծագրեր, էսքիզներ, Հայաստանի մայրաքաղաքի զարգացման գլխավոր հատակագծերը, քաղաքային ուղեցույցներ, նաև պատմական Երևանի լուսանկարներ, որոնք արված են գեղարվեստական և հրատարակչական բարձր արվեստով։
Ալբոմի տպագրության հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը և Երևանի «Արարատ» կոնյակի գործարանը: Նվիրելով ալբոմը՝ Մարկ Գրիգորյանը ջերմորեն շնորհակալություն հայտնեց Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին՝ եզակի նյութեր տրամադրելու և ցուցահանդեսի կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար: