ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Մարիետա Գասպարյան «Ալեքսանդր Թամանյան - 145»

օգս 14, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

Հայաստանի ազգային գրադարանը հայ նոր ճարտարապետության հիմնադիր, հայ ազգային ճարտարապետության մեջ մի ամբողջ դարաշրջան կերտած Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակին նվիրված հանրային_դասախոսություն էր կազմակերպել։ Միջոցառման բաղկացուցիչ մաս էր գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում բացված Թամանյանին վերաբերող գրականության ցուցադրությունը:

Marieta Gasparyan2_1

Հանրային դասախոսությունը վարեց ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, դոկտոր Մարիետա Գասպարյանը։ Նա ներկայացրեց Թամանյանի ճարտարապետական ժառանգությունը, նախագծած շենքերը, դրանցից մի քանիսի պատմությունը, մասնագիտորեն ու հանգամանալից վերլուծեց Իսահակյանի բնորոշմամբ՝ «ճարտարապետական անսպառ հմտությունների, փորձառությունների, խորունկ տեսությունների և անթերի ճաշակի մի ամբողջ աշխարհ» մեծ ճարտարապետի աշխատանքները։    
Մարիետա Գասպարյանն առաջին հերթին եւ առավել մանրամասնորեն խոսեց Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մասին, այնուհետև անդրադարձավ Թամանյանի նախագծած հարակից շենքերին՝ Երևանի աստղադիտարանին, պոլիտեխնիկ, անասնաբուժական ինստիտուտների, Բժշկական ինստիտուտի անատոմիկումի շենքերին, Աբովյան փողոցի՝ «պլանի գլխի» հիվանդանոցային համալիրին և այլն։  

Marieta Gasparyan1_1

Թամանյանի նախագծով Երևանում ընդհանուր առմամբ 14 շենք և շինություն է կառուցվել։ Դրանց թագն ու պսակն, անշուշտ, Կառավարական տունն ու Ժողովրդական տունն են (Օպերայի և բալետի թատրոն)։ Ճարտարապետության գլուխգործոցներ, որոնք ըստ արժանվույն գնահատվեցին։  
Կառավարական տան համար Թամանյանին հետմահու շնորհվել է պետական մրցանակ, իսկ օպերային թատրոնի շենքի նախագիծը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Մեծ ոսկե մեդալ է շահել։ Երևանի գլխավոր հատակագծի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի բազմաթիվ կարևոր շենքերի հեղինակ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Թամանյանը դարձավ հայ ճարտարապետության դարավոր ավանդույթների ամենամեծ ժառանգորդն ու զարգացնողը։  

IMG-2086_1


Միջոցառմանը հարցին, թե ինչու է Թամանյանը Մոսկվայից տեղափոխվել Հայաստան, Մարիետա Գասպարյանը պատասխանեց, որ Թամանյանը մեծ հայրենասեր էր և իր ավեր երկիրը վերաշինելու գործի համար նա Ռուսաստանում թողեց իր բարեկեցիկ կյանքը, բազմաթիվ նախագծեր, իր մեծ ճարտարապետական ժառանգության բերած փառքն ու վաստակը, և 1923-ին հաստատվեց Երևանում։ Այդպես հայրենիքին ծառայելու համար 1920-ականներին Երևան եկան Ալեքսանդր Սպենդիարյանը, Մարտիրոս Սարյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Հրաչյա Աճառյանը և շատ այլ մեծանուն հայեր։  
«Իմ բոլոր աշխատանքներում, սկսած 1923 թվականից, ես ջանացել եմ օգտագործել անցած դարերի ճարտարապետական ժառանգությունը։ Ես ձգտել եմ գտնել այնպիսի ձևեր, որոնք համապատասխանեին երկրի կլիմայական պայմաններին ու բնությանը և արտացոլեին նրա ժողովրդական ստեղծագործությունը»,- նշել է Թամանյանը։  
1924-ին նրա նախագծով հաստատված Երևանի գլխավոր հատակագիծը խոշոր երևույթ էր ամբողջ Խորհրդային Միության քաղաքաշինության մեջ։ Այն դրվեց Երևանի բոլոր հետագա գլխավոր հատակագծերի հիմքում։ Պատահական չէ, որ Եղիշե Չարենցը, 1936-ի փետրվարի 20-ին Թամանյանի անժամանակ մահվան լուրը լսելով, «Ակադեմիկոս Թամանյանի անմահ հիշատակին» բնաբանով գրեց իր հայտնի «Մահվան տեսիլը»՝ ձոն Երևանի թամանյանական գլխավոր հատակագծին, Թամանյանին ու նրա Երևանին.
 

«Նա տեսել է երևի արևային մի քաղաք... 
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած 
Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,— 
Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած, 
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին....»։