Հեռախոսահամար
հնվ 18, 2025 Միջոցառումներ
«Իմ մահը պիտի լինի ոտքի վրա՝ կանգնած, ոչ թե պառկած՝անկողնում»: Հրանտ Դինք Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Սարումյանի դասախոսությունը, որը նվիրված էր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 70-ամյակին։
Միջոցառման ընթացքում Նունե Սարումյանը ներկայացրեց Հրանտ Դինքի կյանքն ու գործունեությունը՝ անդրադառնալով նրա ջանքերին, որոնք միտված էին երկու հարևան ժողովրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և խաղաղության հաստատմանը։ Բանախոսը հատուկ շեշտեց Դինքի աշխատանքի կարևորությունը թուրք-հայկական հարաբերությունների բարելավման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։
Դասախոսության ընթացքում հնչեցին Դինքի առավել հայտնի մտքերը, որոնք շարունակում են ոգեշնչել սերունդներին՝ Դինքի նման համարձակ ու պայքարող լինել և հանուն վաղվա օրվա։
Միջոցառմանը ցուցադրված էին պարբերական մամուլում հրապարակված նյութեր։ Դինքի ծննդյան 70-ամյակի առիթով մատենագիտության բաժինը մեթոդ-մատենագիտական ցանկ է կազմել, որն ամփոփում է Հայաստանի և Սփյուռքի հայ մամուլում 2005-2024թթ. տպագրված Հրանտ Դինքի և նրա մասին գրքեր, հոդվածներ, թղթակցություններ, մամուլի հաղորդագրություններ։ Ցանկը առաջիկայում կհրապարակվի Ազգային գրադարանի հրատարակությունների թվային հարթակում։