Հեռախոսահամար
սպտ 07, 2026 Հայաստանյան տասնյակ

Օգոստոսին գրադարաններում հիմնականում շարունակվել է ամառային ընթերցանությանը հատուկ միտումները։ Հանրային գրադարաններում ընթերցանության ուղղվածությունը հիմնականում պայմանավորված է ուսումնական հանձնարարություններով։ Ուրախալի է տեսնել սովորողների հետաքրքրությունը հայ դասական և ժամանակակից հեղինակների գրականության նկատմամբ։ Ամենապահանջարկված հեղինակների առաջատար եռյակում երկու ժամանակակից և մեկ դասական հեղինակ կա. Ռուբեն Եսայան «Թունելից 13 կմ հեռավորության վրա» Աշոտ Աղաբաբյան «Կարդինալը» Մուրացան «Գևորգ Մարզպետունի»
Ռուբեն Եսայանի անդրանիկ գրքի և երեք հաջորդ գրքերի նկատմամբ հետաքրքրությունը չի պակասում։ Երկրորդ հորիզոնականում Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպն է։ Հաճելի է իմանալ, որ ընդամենը երեք ամիս առաջ հրատարակված «Կարդինալը» գիրքը առկա է գրադարաններում և այն ընդգրկվել է միանգամից 8 գրադարանների տասնյակներում։ Հայ դասական գրողներից բարձր պահանջարկ ունեն Ակսել Բակունցի, Վահան Թոթովենցի, Դերենիկ Դեմիրճյանի, Վախթանգ Անանյանի, Րաֆֆու, Ստեփան Զորյանի և Գուրգեն Մահարու դպրոցական ծրագրերով հանձնարարված գրքերը։ Արտասահմանյան գրողներից առավել պահանջված են Ագաթա Քրիստիի, Աննա Ջեյնի, Էլիֆ Շաֆաքի, Խալեդ Հոսեյնիի, Հարուկի Մուրակամիի, Մարկ Լևիի և Նիկոլաս Սփարքսի գրքերը։
Գեղարվեստական գրականությունից զատ ընթերցողները հատկապես շատ են պատվիրում մոտիվացիոն գրքեր, որոնք ընթերցողներին օգնում են փոխել մտածելակերպը, գտնել ներքին ուժ և դրական փոփոխություններ կատարել կյանքում։ Օգոստոսյան ցուցակներում կարելի է առանձնացնել Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ», Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ», Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբ», և նույն հեղինակի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գրքերը. Սկսվել է նոր ուսումնական տարին, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է Ընթերցանության տարի։ Տարվա ընթացքում նախատեսված են սովորողների ընթերցանության խրախուսմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրականության որոշակի ժանրի կամ ուղղության։ Սեպտեմբերի թեման կլինի «Սասնա ծռեր» էպոսը։ Տեսնենք, թե գրադարանները ինչպես կարձագանքեն այս հետաքրքիր նախաձեռնությանը։
