ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | ապրիլ

մյս 06, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ

ապրիլ2024
 

Հայաստանի մայրաքաղաք Երևանի, մարզային և համայնքային գրադարանների ամենից հաճախ սպասարկված գեղարվեստական գրքերի միացյալ՝ համադրված ցուցակում 105 գիրք է ընդգրկվել: Այս ամիս Ազգային գրադարանի կազմակերպած հարցմանը մասնակցել են Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանային համակարգը և Աջափնյակի Շառլ Ազնավուրի անվան գրադարանը, ԿԳՄՍ 10 մարզային գրադարանները, Սպիտակի և Ստեփանավանի քաղաքային գրադարանները:

Պատահական չէ, որ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոսը» և Ակսել Բակունցի պատմվածքները և «Կյորես» վեպը գլխավորում են գրադարանների ապրիլի ամենաշատ սպասարկված գրքերի ցուցակը։ Շիրվանզադեի վեպն ընդգրկված է պարտադիր ընթերցման դպրոցական ծրագրում, իսկ Բակունցի «Կյորեսը» ամսվա գլխավոր գիրքն էր, քանի որ ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանը Բակունցի 125-ամյակին նվիրված ընթերցանության մարաթոն էր կազմակերպել, որի հիմնական մասնակիցները հանրապետության գրադարաններն ու դպրոցներն էին: Հայ ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանն իր արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասին «Հովազ 1» և «Հովազ 2» վեպերով ամենապահանջարկված հեղինակներից մեկն է։ Գրողը գրադարաններում պարբերաբար հանդիպումներ է ունենում իր ընթերցողների հետ, որոնք անցնում են լեփ լեցուն դահլիճներում։ Աշոտ Աղաբաբյանը ընթերցողների և հետևորդների «բանակ» ունի, որոնք հեղինակից նոր «հովազներ» են ակնկալում և սպասում են գրողի նոր իրապատում գեղարվեստական վեպերին:

Նախորդ ամիսների նման Ալեքս Մայքլիդիս ի «Լռակյաց հիվանդը», «Կույսերը» և «Ցասում» վեպերը գրեթե չեն մնում գրադարարակների վրա։ Ընթերցողական տասնյակներում ներկա են Ռեմարկը և Խալեդ Հոսեյնին, հայ դասականներից Դերենիկ Դեմիրճյանը և Մուրացանը: Գրեթե երկամյա հաղթարշավը շարունակում է դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին, որի գրքերից 12-ը ներկայացված են մարզային գրադարանների տասնյակներում։ Վերջին ամիսներին հայ դասական գրողների և արտասահմանյան բեստսելլերների հեղինակների հետ մրցակցության է մտել ժամանակակից երիտասարդ գրող Ռուբեն Եսայանը, որի «Թունելից 13կմ հեռավորության վրա» և վերջերս տպագրված «Վանականներն ունեն գաղտնիք» սարսափի ժանրի վեպերը վստահ տեղ են զբաղեցրել շատ գրադարանների ամենապահանջված գրքերի ցուցակներում։ «Կյանքի մասին գրքերը կյանքում այդպես էլ օգտակար չեղան.ամեն ինչ իր դառը փորձով սովորեց»,- Մայքլիդիսն է ասում «Կույսերը» գրքում։ Հայաստանյան գրադարանների ընթերցողները, հուսանք՝ գրքերից դաս կքաղեն՝ խուսափելով դառը փորձից: