ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է հայագիտական նոր հրատարակությամբ

մյս 30, 2025 Նորություններ Նվիրատվություններ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է հայագիտական նոր հրատարակությամբ։ «Հայաստան Քաղաք». (Arménie Ville) երկլեզու (անգլերեն, իտալերեն) գիրք-ալբոմը, որը հրատարակվել է 2016 թվականին, իտալացի լուսանկարիչ Կլաուդիո Գոբբիի (Claudio Gobbi) բազմամյա նախագծի արդյունք է, որը մեկնարկել է 2007 թվականին՝ Փարիզում գտնվող Cité Internationale des Arts-ում՝ համընկնելով Ֆրանսիայում Հայաստանի տարվա հետ։

Այս բացառիկ հրատարակությունը գրադարանին է նվիրել հոլանդացի հայագետ, թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարը Anna Maria Mattaar։ Հեղինակը շուրջ տասը տարի ճամփորդել է ավելի քան 25 երկրներում՝ լուսանկարելով ավելի քան 125 հայկական եկեղեցիներ։ Գիրքը յուրահատուկ փորձ է՝ քարտեզագրելու հայկական ճարտարապետության տարածումն ու զարգացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։

«Հայաստան Քաղաք»-ը ոչ միայն գեղարվեստական ալբոմ է, այլև մշակութային և պատմական ուսումնասիրություն՝ ներկայացնող այն ճանապարհը, որով հայկական եկեղեցական ճարտարապետությունը՝ իր պարզ, բայց ճշգրիտ կառուցվածքով, պահպանել է ինքնությունը նույնիսկ օտար երկրներում։ Լուսանկարների շարքն ուղեկցվում է վերլուծական տեքստերով՝ անդրադառնալով մշակութային հիշողությանը, վանքերի վերափոխված կամ լքված վիճակին և հայկական ինքնության պահպանմանը ճարտարապետության միջոցով։