Հեռախոսահամար
օգս 14, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ
Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպել էր հանրային_դասախոսության «Ճանապարհ դեպի գիրքը․ գաղափար, նպատակ, իրագործում» խորագրով:
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը խոսեց վերջին քսան տարվա հեղինակային գրահրատարակչական ծրագրերի ու նախագծերի, գիտահետազոտական աշխատանքի կազմակերպման եղանակների ու բազում դժվարությունների, դրանց հաղթահարման և գրահրատարակչական ծրագրերի իրականացման մասին, ներկայացրեց իր շուրջ երկու տասնյակ գրքերի ստեղծման պատմությունն ու նախապատմությունը։
Նա պատմեց փաստաթղթային նյութերի ձեռբերման դժվարությունների, իր փնտրտուքների, բացահայտումների մասին: Դեմոյանն ընդգծեց, որ իր համար շատ կարևոր է նյութի, լուսանկարների վավերականությունը, փաստագրական հենքը՝ շեշտելով, որ իր սկզբունքն է՝ գրքերում օգտագործված ցանկացած լուսանկար ու փաստաթուղթ պիտի բնօրինակ լինեն:
Պատմաբանը դասախոսությունը սկսեց «տղամարդը պետք է տուն սարքի, ծառ տնկի ու զավակներ ունենա» հայտնի խոսքին հավելելով, թե տղամարդը պետք է նաև գիրք գրի ու անձնական գրադարան հավաքի, այն էլ՝ ամբողջ երեք գրադարան:
Դեմոյանը իր մի քանի՝ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ հատորի, «Հայուհի» (հայուհու կերպարը փորագրանկարներում և փոստային բացիկներում) պատկերագրքի, «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն», «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» և այլ գրքերի օրինակով ցույց տվեց, թե որքան երկարատև, ծավալուն ու բարդ աշխատանք է արվել այդ գրքերը, դրանցում արտահայտված ուղերձն ընթերցողին ու աշխարհին հասցնելու համար:
Հայկ Դեմոյանը 2011-ին Կալիֆոռնիայում մի դիպվածով հայտնաբերում է Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյանի) ֆոտոարխիվը: Այնտեղ նաև Մարտիկյանների միակ պահպանված ընտանեկան լուսանկարն էր, որում Ավրորան չորս տարեկան է: Արխիվում նաև Ավրորայի նամակագրությունն էր: Ավրորայի ազգականների հետ տևական բանակցություններից հետո Դեմոյանը ձեռք է բերում այս արժեքավոր փաստաթղթերը, հետագայում՝ նաև Ավրորային պատկանող անձնական այլ իրեր, մասնավորապես ճամպրուկը, որով Ավրորան ժամանել էր Ամերիկա, ինչպես նաև ամերիկյան թերթերի հավաքածու, որոնցում հոդվածներ կան Ավրորայի և նրա «Հոշոտված Հայաստան» գրքի մասին:
Դեմոյանը պատմեց նաև, թե ինչպես է ձեռք բերել Ավրորայի՝ արդեն հայտնի՝ ժպտացող լուսանկարը, որում Ավրորայի ժպիտը փոքր-ինչ նման է հայտնի օրագրի հեղինակ, Հոլոքոստի զոհ դարձաձ Աննա Ֆրանկի ժպիտին: Նա շեշտեց, որ այդքան փաստագրական տվյալներ ունենալով արդեն հեշտ էր աշխարհին դարձյալ հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին, մեկի՝ անհատի ճակատագրով ներկայացնել ամբողջ ազգի ողբերգական ճակատագիրը:
«Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գիրքը նվիրված է առաջին հայի Ամերիկա ժամանելու 400-ամյա պատմությանը: 1618թ. Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայը ժամանում է Վիրջինիա նահանգ՝ ազդարարելով հայ գաղթականների հոսքը դեպի Ամերիկա: Գիրքը 620 էջանոց պատկերազարդ աշխատություն է՝ հայ-ամերիկյան համայնքի պատմությունն ու ժառանգությունը, ինչպես նաև Ամերիկայում հայերի առավել նշանակալից ներդրումները ներկայացնող 2200 լուսանկարով, արժեքավոր արխիվային փաստաթղթերով ու հազվագյուտ պատկերներով:
Հայկ Դեմոյանը իր հետազոտությունների, փնտրտուքների ընթացքում ձեռք բերած շատ արժեքավոր գրքեր ու այլ նյութեր նվիրել է նաև Հայաստանի ազգային գրադարանին: Նրա անհատական հավաքածուն համալրել է գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի անհատական հավաքածուների շարքը: Այս անգամ ևս գիտնականը բացակայող կամ երկրորդ օրինակ գրքեր նվիրեց գրադարանին: