ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գոնկուրի ճանապարհին. ֆրանսախոս ուսանողների գրական ուղևորությունը

ապր 06, 2026 Միջոցառումներ

IMG-0387-1-1

Արդեն երկրորդ տարին է, ինչ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Երևանի պետական համալսարանի տասը ֆրանսախոս ուսանող ընդգրկվում են Հայաստանի Գոնկուր մրցանակաբաշխության ժյուրիի կազմում՝ ակտիվ մասնակցություն ունենալով ժամանակակից ֆրանսագիր գրականության գնահատման և ընտրության գործընթացին։

Հայաստանի Գոնկուր մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Նյումեգի հովանավորությամբ։ Այս տարվա ընթերցանության մեկնարկը տրվեց նոյեմբերին։ Ուսանողները մեծ ոգևորությամբ ձեռնամուխ եղան ընթերցանությանը՝ ուսումնասիրելով ֆրանսիական հեղինակավոր Գոնկուր մրցանակաբաշխության կողմից առաջադրված ութ ժամանակակից ֆրանսագիր հեղինակների վեպերը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալեց ժյուրիի անդամներին, վեպի քննարկումը կլոր սրահում անցկացնելու համար։ Հանդիպման ընթացքում ուսանողները, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի, նույն համալսարանի դասախոս Անաիդա Գասպարյանի և ԲՊՀ ֆրանսիական գրականության դասախոս Անի Ջանիկյանի ուղեկցությամբ, քննարկեցին Լորան Մովինյեի Դատարկ տունը վեպը, որն ի դեպ ֆրանսիական Գոնկուր մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիրն է։