Հեռախոսահամար
հնս 26, 2026 Միջոցառումներ

Երգիծաբան Հակոբ Պարոնյանը 32 անուն պարունակող իր «Ազգային ջոջեր» երկում Յովհաննէս Տէրոյենցին հատկացրել է պատվավոր չորրորդ տեղը՝ նրան դասելով 19-րդ դարի հայ ազգային ու մտավոր կյանքի ամենաազդեցիկ գործիչների շարքը։ Այս գնահատականը լավագույնս բնութագրում է այն հեղինակությունն ու վաստակը, որ Տէրոյենցը ձեռք էր բերել իր ժամանակակիցների շրջանում՝ որպես մտավորական, բանասեր, թարգմանիչ, մանկավարժ, խմբագիր և աստվածաբան։ Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի նախաձեռնությամբ հունիսի 24-ին բաժի ընթերցասրահում տեղի ունեցավ Յովհաննէս Պրուսացի Տէր Կարապետեան Տէրոյենցի ծննդյան 225-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն-զեկույցը։
Միջոցառման ընթացքում բաժնի վարիչ Անահիտ Նալբանդյանը ներկայացրեց գրադարանի հավաքածուներում պահվող Տէրոյենցի աշխատությունները, նրա խմբագրած պարբերականները, թարգմանությունները, ինչպես նաև նրա կյանքի ու բազմակողմանի գործունեությանն առնչվող հրատարակություններն ու ուսումնասիրությունները։ Յովհաննէս Տէրոյենցը ծնվել է 1801 թվականին Պրուսայում։ Ստանալով հիմնավոր կրթություն և տիրապետելով մի շարք լեզուների՝ (ցանկը՝ մեկնաբանություններում) նա նշանակալի դեր է ունեցել հայ մշակութային, կրթական և եկեղեցական կյանքի զարգացման գործում։ Ղեկավարել է Սկյուտարի ճեմարանը, զբաղվել թարգմանչական ու հրատարակչական գործունեությամբ, խմբագրել Կոստանդնուպոլսի առաջին հայկական պարբերականներից մեկը, հրատարակել «Զօհալ» և «Երևակ» հանդեսները, ինչպես նաև ստեղծել եկեղեցապատմական և աստվածաբանական արժեքավոր աշխատություններ։
Ցուցադրություն-զեկույցը հնարավորություն տվեց ներկաներին ծանոթանալու Տէրոյենցի հարուստ ժառանգությանը և արժևորելու նրա բացառիկ ներդրումը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ։
