ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գիրք նվիրելու օրը՝ Հայաստանի ազգային գրադարանում

մրտ 23, 2026 Միջոցառումներ

IMG-0387-1-1

#Գիրք_նվիրելու_օր Փետրվարի 19-ին Հայաստանի ազգային գրադարանում կայացավ Գիրք նվիրելու օրը՝ Ազգայինում միջոցառում։ Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի ազգային գրադարանը, ինչպես նաև մի շարք մարզային և համայնքային գրադարաններ Գիրք նվիրելու օրը ՀՀ Նախագահի անունից ստանում են գրքային նվիրատվություններ։ Նախաձեռնության շրջանակում այս տարի Հայաստանի ազգային գրադարանը, 16 համայնքային և 3 դպրոցական գրադարան համալրվեցին նոր հրատարակված և պահանջարկ ունեցող գրականությամբ՝ նպաստելով գրադարանային հավաքածուների հարստացմանն ու ընթերցողական հետաքրքրության խթանմանը։

Միջոցառման բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ընդգծելով գրքի և ընթերցանության դերն ու գրադարանների շարունակական զարգացման կարևորությունը։ Շնորհավորական խոսքով ներկայացավ ՀՀ նախագահի աշխատակազմի ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժնի պետ Լիպարիտ Մելքոնյանը՝ ընդգծելով, որ ընթերցանության խթանումը կրթված և մրցունակ հասարակություն ձևավորելու կարևոր պայմաններից է։ Նա կարևորեց հատկապես երիտասարդ սերնդի շրջանում գրքի հանդեպ հետաքրքրության ամրապնդումը։ Միջոցառման ընթացքում «Ինեկոբանկ ՓԲԸ» Գործատուի բրենդի կառավարման բաժնի ղեկավար Էլինա Ստեփանյանը ևս խոսեց գրադարանի հետ համագործակցության կարևորության և հետագա ծրագրերի մասին։ «Ինեկոբանկ ՓԲԸ»-ն գրքեր նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին և հինգ դպրոցական գրադարանների՝ աջակցելով կրթական գործընթացին և դպրոցականների շրջանում ընթերցանության տարածմանը։ Գրադարաններին գրքեր նվիրելու նախաձեռնության կարևորության մասին խոսեց նաև ՀԱԳ աշխատակից Ներսես Հայրապետյանը՝ ընդգծելով, որ նման ծրագրերը նպաստում են գրադարանային ֆոնդերի հարստացմանը և ընթերցանության մշակույթի ամրապնդմանը համայնքներում։

Միջոցառման ավարտին մարզային և համայնքային գրադարանների ներկայացուցիչները ևս հանդես եկան շնորհակալական խոսքերով՝ կարևորելով նախաձեռնության շարունակականությունը և համագործակցության ընդլայնումը։ Գիրք նվիրելու օրը գրքառատ էր նաև Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար․ ամբողջ օրվա ընթացքում նոր ընթերցողները անակնկալ նվերներ ստացան, իսկ Թամանյանական մասնաշենքի նախամուտքում ընթերցողները հնարավորություն ունեցան ընտրելու և իրենց հետ տանելու նվեր գրքեր։