Հեռախոսահամար
օգս 21, 2023 Նորություններ
Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Հայկանուշ Ղազարյանը և Գրատպության թանգարանի էքսկուրսավար Մարթա Մկրտչյանը վերջերս մասնակցեցին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած «Հիշողության համակարգերը, գիրքը և ընթերցանությունը տեղեկատվական հանրույթում» 3-րդ միջազգային կոնֆերանսին։ Ազգային գրադարանի աշխատակիցները կոնֆերանսում հանդես եկան «Ընթերցանության խթանման նոր միտումները Հայաստանի ազգային գրադարանի օրինակով» և «Հայկական տպագիր ժառանգության հանրահռչակում. Google Arts & Culture» զեկուցումներով։
Կոնֆերանսը առանձնանում էր մասնակիցների աշխարհագրական ընդգրկվածությամբ և քննարկված թեմաների բազմազանությամբ՝ «Թվային դարաշրջանում թվային և մշակութային ժառանգության հանրայնացում», «Գրադարանները և ընթերցանության խթանումը թվային դարաշրջանում», «Ընթերցանությունը և կրթությունը թվային դարաշրջանում», «Ժամանակակից թվային հասարակության հիշողության համակարգերը», «Գրական և մշակութային ժառանգությունը տեղեկատվական հասարակությունում», «Ընթերցանության խթանումը երեխաների և երիտասարդության շրջանում»։ Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև Չինգիզ Այթմատովի ծննդյան 95-ամյակին նվիրված քննարկում՝ «Թանգարանային գործը և մշակութային արժեքների պահպանությունը» թեմայով։
Կոնֆերանսը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի Ռուսաստանյան կոմիտեի, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի (МФГС), ՂՀ պատմության ազգային թանգարանի և այլ կազմակերպությունների համատեղ ջանքերով։ Կոնֆերանսին մասնակցությունը հնարավորություն տվեց ծանոթանալու գործընկեր հաստատությունների փորձին, հանրայնացնելու Հայաստանի ազգային գրադարանում մշակութային հիշողությանն ուղղված աշխատանքները։