ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ազգային գրադարանը նվեր է ստացել Գենտի համալսարանի հրատարակած Դանիել Վարուժանին նվիրված հատուկ թողարկումը

մրտ 04, 2024 Նորություններ

վարուժանն
 

Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին իրավացիորեն գրել է. «Վարուժանը պատկանում է նույնքան Արևմուտքին, որքան Հայաստանին»։ Դանիել Վարուժանը 1905-1909թթ. սովորել է Գենտի համալսարանում: Ի հիշատակ մեծ բանսատեղծի՝ 1958 թ. փետրվարի 9-ին համալսարանի գրադարանում հուշատախտակ է ամրացվել՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ։

Սուրբնծննդյան տոնի նախօրեին Հայաստանի ազգային գրադարանը նվեր է ստացել Գենտի համալսարանի՝ 2019-ին հրատարակած բանասիրության և պատմության բելգիական ռևյուի (տեսության) 97-րդ պրակը՝ Դանիել Վարուժանին նվիրված հատուկ թողարկումը: Բելգիայի Գենտի համալսարանի պրոֆեսոր, դասական հայերենի մասնագետ Փիթեր Վան Նուֆելենի խմբագրությամբ հատորը վերնագրված է «Դանիել Վարուժան. հայ բանաստեղծը Գենտում. հարյուր տարի անց»: Ծավալուն հատորը բացվում է Փիթեր Վան Նուֆելենի և Սիմոն Փայասլյանի համանուն հոդվածով:

Հանդեսում զետեղվել են նաև Փիթեր Մեսսմեկերի և Քրիստոֆ Վերբրուգենի «Oտարերկրացի ուսանողները Գենտի համալսարանում մոտ 1900թ.», ամերիկահայ հայագետ Սիմոն Փայասլյանի «Դանիել Վարուժանը Գենտի համալսարանում (1905-1909), ֆրանսիահայ գրող, գրաքննադատ Գրիգոր Պըլտյանի «Ես տեսա Եվրոպան - Դանիել Վարուժան. պատկերների ոչնչացման ժամանակը», գրականագետ, իմաստասեր Մարկ Նշանյանի «Դանիել Վարուժան. սուգ և աստվածներ» և այլ հոդվածներ:

Ժողովածուն շուտով կհամալրի ՀԱԳ «Արմենիկա» հայագիտական հավաքածուն: Հավելենք, որ 2024-ին նշվում է Դանիել Վարուժանի 140-ամյակը: Ազգային գրադարանը միջոցառումներով կնշանավորի մեծ բանաստեղծի հոբելյանը: