ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ապր 25, 2025 Նորություններ Գալիք միջոցառումներ

IMG-0387-1-1

 

2025 թվականի ապրիլի 29-30-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով: Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն ներկայացնել Ֆրանսիայի և Հայաստանի պատմական ու մշակութային բազմաշերտ հարաբերությունները։ Վերջինիս իրենց մասնակցությունն են հաստատել՝ անվանի հետազոտողներ, գիտնականներ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ովքեր հանդես կգան զեկույցներով և քննարկումներով՝ նվիրված երկու երկրների բազմադարյա փոխհարաբերություններին, համագործակցությանը, գրական ու մշակութային կապերին, հրատարակչական ժառանգությանը և այլ թեմաներին։

Գիտաժողովի գլխավոր բանախոսն է Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն: Առաջին օրը նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագրեր Ֆրանսիայի և Հայաստանի ազգային գրադարանների, Խարտիայի ազգային դպրոցի, ինչպես նաև «Կալֆա» ժամանակակից տեխնոլոգիաների ֆրանսիական կազմակերպության հետ: Գիտաժողովի ընթացքում առանձին ցուցասրահում տեղի կունենա հայաստանյան հրատարակչությունների գրքերի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայ-ֆրանսիական փոխառնչություններին նվիրված հրատարակությունները, ֆրանսիական գրականության թարգմանությունները և այլն:

Գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ կներկայացվեն ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ: Ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Վերադարձ դեպի «Տիգրանի մետամորֆոզները»» համերգային ծրագիրը: Կհնչեն հատվածներ արևմտաեվրոպացի կոմպոզիտորների օպերաներից, որոնք առնչվում են հայոց պատմությանն ու մշակույթին: Համերգային ծրագիրը նվիրված է գիտաժողովի պատվավոր բանախոս Ալեքսանդր Սիրանոսյանին, ով հեղինակել է հայկական թեմաներով եվրոպական օպերաներին նվիրված հրատարակությունը (Les métamorphoses de Tigrane / Alexandre Siranossian; avec la collaboration de Maxime K. Yevadian; préface de Reinhard Goebel. - Lyon: Sources d'Arménie, 2014):

Գիտաժողովի հանդիսավոր փակումը նախատեսվում է իրականացնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ նախքան համերգային ծրագիրը: Գիտաժողովը եզրափակում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Գիտաժողովի տեղեկատվական գործընկերն է Le Courrier d'Erevan Հայաստանում միակ ֆրանկոֆոն լրատվական հարթակը։ Գիտաժողովի ծրագիրը: