Հեռախոսահամար
մրտ 23, 2025 Միջոցառումներ
Հայաստանի ազգային գրադարանի բեմում էին շնորհալի պատանի երաժիշտ կատարողներ: Կանանց տոնին ընդառաջ՝ մարտի 7-ին, գրադարանի թամանյանական մեծ դահլիճում անցկացվեց «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր աստղ» նախագծի հերթական համերգը: Գրադարանի պատերի ներքո թևածեցին ազգային նվագարանների՝ քանոնի, քամանչայի, սանթուրի, բլուլի, ուդի, դափի հնչյունները, թավջութակի ու դաշնամուրի ելևէջները, դհոլների խրոխտ ձայնը: Իսկ Արամէ Հունանյանի վոկալն ամբողջացրեց երաժշտական համայնապատկերը:
Ցուցադրվեցին նաև պատանի ստեղծագործողների կտավները և Ժողովրդական արվեստների «Հանգույց» հիմնադրամի պատանի գորգագործների աշխատանքները:
Տոնի առթիվ Ազգային գրադարանը շնորհալի պարմանուհիներին գրքեր նվիրեց: Միջոցառումը վարեց «Մաեստրո» մշակութային կազմակերպության ղեկավար Վարդուհի Գևորգյանը:
«Բյուր աստղ» նախագիծը «Մաեստրո» մշակութային կազմակերպության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համատեղ նախաձեռնությունն է, որը կյանքի է կոչվել 2022-ի փետրվարից: Նպատակը Երևանից, Հայաստանի մարզերից, հեռավոր սահմանամերձ համայնքներից, արտերկրից տաղանդավոր երաժիշտների, նկարիչների, կիրառական արվեստով զբաղվողների համախմբելն ու համատեղ ծրագրերում ներգրավելն է: