Հեռախոսահամար
մրտ 28, 2024 Նորություններ
Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության դարաշրջանում գրադարանների համար առաջնային է ժամանակին համընթաց քայլելը, ինչին նպաստում է գրադարանավարների շարունակական վերապատրաստումը:
Հայաստանի ազգային գրադարանը սերտորեն համագործակցում է ոչ միայն ՀՀ 10 մարզային գրադարանների, այլև` քաղաքային և համայնքային գրադարանների հետ, օգնում գրադարանների համալրմանը, անհրաժեշտության դեպքում՝ մեթոդական աջակցություն տրամադրում:
Ազգային գրադարանի աշխատակիցները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդ» ծրագրի համակարգող Նելլի Մինասյանի ուղեկցությամբ, մարտի 14-ին այցելեցին Ստեփանավանի քաղաքային գրադարան: Գրադարանի աշխատակազմի, Ստեփանավանի համայնքապետարանի ներկայացուցիչների և In Stepanavan (Ինստեփանավան/Ստեփանավանում) զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեց քաղաքային գրադարանի զարգացման ծրագիրը:
Առաջիկայում In Stepanavan զարգացման հիմնադրամի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և համայնքապետարանի համագործակցությամբ քաղաքային գրադարանը կունենա նորոգված և տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած ժամանակակից ընթերցասրահ և էլեկտրոնային գրադարան, որը կդյուրացնի գրադարանից օգտվելը և գրքերի սպասարկումը: Ազգային գրադարանի մասնագետների աջակցությամբ գրադարանավարները կվերապատրաստվեն՝ համայնքի բնակիչներին արդի, թվային գրադարանին համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով։