Հեռախոսահամար
մրտ 23, 2025 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ
Փետրվարի 24-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկի օղակաձև սրահում Մայրենիի օրվան նվիրված «Հայոց լեզվի և գրականության դասավանդումը մեր օրերում» թեմայով հանրային բանախոսություն վարեց ԵՊՀ դասախոս, ուսուցիչ, գրականության 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի և ձեռնարկների համահեղինակ Արսեն Վարդանյանը։
Բանախոսը նախ ներկայացրեց կրթության նպատակների և սկզբունքների մասին իր մոտեցումները, ապա բանախոսության մասնակիցների հետ քննարկեց մեր օրերում դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասավանդման մի շարք հարցեր։ Արսեն Վարդանյանը խոսեց նաև արդի մարտահրավերների, մասնավորապես ամենագլխավոր մարտահրավերի՝ արհեստական բանականության մասին:
Հանդիպմանը ներկա էին ուսուցիչներ, գրադարանավարներ, գրականագետներ, ինչպես նաև «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի 11-րդ դասարանի մի խումբ աշակերտներ, որոնք եկել էին մասնակցելու իրենց ուսուցչի բանախոսությանը։
Արսեն Վարդանյանը պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, պարզաբանեց իր համահեղինակությամբ կազմված գրականության դասագրքում նյութերի ընտրության և մատուցման մեթոդները։
Դպրոցականները շրջայց կատարեցին գրադարանի թամանյանական մասնաշենքում, եղան ընդհանուր ընթերցասրահում և Ազգային գրադարանի պատմության ցուցասրահում։