Հեռախոսահամար
ապր 17, 2026 Միջոցառումներ

Հայաստանի ազգային գրադարանում՝ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ համատեղ, այսօր տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված արևմտահայ կին խմբագիրներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին արևմտահայ կին մտավորականների նշանակալի ներդրումը մամուլի ձևավորման և զարգացման գործում՝ ընդգծելով նրանց ակտիվ դերակատարությունը հասարակական կյանքի, կրթության և մշակույթի ոլորտներում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու կին խմբագիրների գործունեությանը, նրանց կողմից հիմնադրված և խմբագրված պարբերականներին, ինչպես նաև նրանց ազդեցությանը հասարակական մտքի ձևավորման գործընթացում։ Միջոցառումը նպատակ ուներ նոր լույսի ներքո ներկայացնել արևմտահայ կին մտավորականների հասարակական, կրթական և մշակութային գործունեությունը՝ ընդգծելով նրանց առաջնորդական դերակատարությունը ազգային մտքի զարգացման, կանանց կրթության խթանման և հասարակական ինքնագիտակցության ձևավորման գործընթացում։
Ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում բացվեց թեմատիկ ցուցադրություն, որտեղ առանձին ցուցափեղկերում ներկայացվեցին արևմտահայ կին մտավորականների կողմից հիմնադրված, խմբագրված կամ նրանց ակտիվ մասնակցությամբ հրատարակված պարբերականներ։ Ցուցադրության մեջ ընդգրկված էին «Կիթառ», «Ծաղիկ», «Հայ կին», «Արտեմիս», «Ծաղիկ յատուկ կանանց», «Տոմար Ընտանեկան», «Ազդակ», «Երեւակ», «Արշալույս», «Պարտէզ», , «Մեր ուղին», «Ժամանակ» և այլ հանդեսներ, որոնք նշանակալի դեր են ունեցել կանանց կրթության և հասարակական ակտիվության ձևավորման գործում։
Միջոցառման ընթացքում հնչեցին թեմատիկ զեկույցներ․ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պ․գ․դ, պրոֆեսոր, «Բանբեր Հայագիտության» հանդեսի գլխավոր խմբագիր Ալբերտ Խառատյանը ներկայացրեց արևմտահայ կին խմբագիրների դերը կանանց մամուլի ձևավորման և զարգացման գործում՝ անդրադառնալով Հայկանուշ Մառքի, Զապել Եսայանի, Սիպիլի, Արշակուհի Թէոդիկի և այլոց գործունեությանը։
ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ․գ․թ․, դոցենտ Նաիրա Համբարձումյանը հանդես եկավ Էլպիս Կեսարացյանի առաջնորդության վերաբերյալ զեկույցով՝ դիտարկելով այն որպես սոցիումի բարենորոգման կարևոր գործոն։ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, բ․գ․թ․ Աստղիկ Սողոյանը ներկայացրեց Զապել Եսայանի կյանքն ու հասարակական-հրապարակախոսական գործունեությունը։
ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի մագիստրոս Աստղիկ Շմավոնյանը անդրադարձավ Սրբուհի Տյուսաբի կյանքին և գործունեությանը՝ ներկայացնելով նրան որպես առաջին հայ կին արձակագիր։ Զեկույցներում արևմտահայ կին մտավորականների գործունեությունը ներկայացվեց 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի պատմամշակութային համատեքստում՝ ընդգծելով նրանց նշանակալի ներդրումը կրթության, մամուլի, գրականության և հասարակական մտքի զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Նաիրա Համբարձումյանի կազմած, խմբագրած և ծանոթագրած «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը: Գիրքը բացառիկ ու հատկանշական երևույթ է հայ գրականագիտական և պատմագիտական դաշտում՝ որպես առաջին համակարգված ուսումնասիրություն ականավոր արևմտահայ գրող, խմբագիր, մտավորական և կանանց իրավունքների պաշտպան Էլպիս Կեսարացյանի (1830–1913) կյանքի և ժառանգության մասին։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ - 2024» մրցույթի շրջանակում (ծածկագիր՝ 24SSAH-6B006)։
