ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Արազի Թիրաբյան-105

ապր 15, 2025 Նորություններ Միջոցառումներ Գրական հանդիպումներ

IMG-0387-1-1

 

Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում ՀԱԳ Մատենագիտության բաժնի ընթերցասրահում անցկացվեց միջոցառում և գրականության ցուցադրություն՝ նվիրված հայ անվանի գրադարանագետ Արազի Թիրաբյանի ծննդյան 105-ամյակին։ Հյուրերին ողջունեց և բացման խոսք ասաց Մատենագիտության բաժնի վարիչ Անահիտ Նալբանդյանը։ Արազի Թիրաբյանի կյանքի և գործունեության, աշխատությունների մասին խոսեց Մատենագիտության բաժնի երկարամյա աշխատակից Նաիրա Մելքոնյանը։

-1956թ. հոկտեմբերին նշանակվել է Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի տնօրեն։ Շուրջ 33 տարի ղեկավարելով գրադարանը՝ նրա կյանքի հետագա տարիները սերտորեն կապվել են գրադարանի հետ։ Գրադարանում աշխատելու տարիներին դրսևորվեցին Թիրաբյան ղեկավարի և մարդու անուրանալի արժանիքները: Ա.Թիրաբյանի՝ որպես տնօրենի երկարակեցության «գաղտնիքը» նրա շրջահայացության, համեստության, մարդկանց նկատմամբ ուշադրության և հոգատարության, դիմացինին անպայման օգնելու պատրաստակամության մեջ պետք է փնտրել։ - Նշեց բանախոսը։ Արազի Թիրաբյանի տնօրինության ընթացքում գրադարանը հրատարակել է կոթողային աշխատություններ, մեթոդամատենագիտական բնույթի և տեղեկատու ձեռնարկներ, որոնք նշանակալի ներդրում են գրադարանային գործի զարգացման բնագավառում։ Բավական է նշել հայ գրքի մատենագիտության երկու հատորները (1512-1800, 1801-1850 թթ.), հայ պարբերական մամուլի մատենագիտությունը, «Մուրճ»-ի, «Լումա»-ի, «Հովհաննես Թումանյանի», «Ավետիք Իսահակյանի», «Հովհաննես Շիրազի» և մյուս պարբերականների ու գրողների կենսամատենագիտությունները, համաշխարհային գրականության հայերեն թարգմանությունների եռահատոր և հայ գրողների ռուսերեն թարգմանությունների երկհատոր մատենագիտությունները, գրադարանային գործի երկհատոր արխիվային փաստաթղթերը, գրադարանագիտական, մատենագիտական, հետազոտական, մեթոդական և տեղեկատու բնույթի բազմաթիվ գրքեր ու ձեռնարկներ։

Միջոցառմանը մասնակցեց և խոսքով հանդես եկավ գրադարանավար, մատենագետ, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը։ Վերջինս 1971 թվականից աշխատելով (այն ժամանակ) Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում, երկար տարիներ աշխատել է Արազի Թիրաբյանի հետ։ Նրա մասին ունի գրած բազմաթիվ հвդվածներ, որոնք, ի դեպ, ցուցադրված էին Մատենագիտության բաժնի ընթերցասրահում։

-Ազգային գրադարանից հեռու կանգնած մարդանց կարող է թվալ, թե գրադարան ղեկավարելը հանգիստ գործ է։ Դա միայն առաջին հայացքից։ Բավական է ասել, որ գրադարանի պետական կարգավիճակի 85 տարվա ընթացքում փոխվել է 14 տնօրեն։ Թվերի լեզվով ասած՝ Թիրաբյանին «բաժին է ընկնում» ղեկավարման 38.8 տոկոսը։ Մեծ է Ա. Թիրաբյանի ավանդը գրադարանների կենտրոնացված համակարգեր ստեղծելու գործում, որը մեր հանրապետությունում իրականացվել է 1974-1980 թվականներին։ Նրա օրոք ստեղծվեցին, ընդլայնվեցին ու զարգացան գրադարանի կապերը սփյուռքի կազմակերպությունների և անհատների հետ։ Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում Ա. Թիրաբյանի վաստակն արժանացել է ճանաչման և գնահատման։

1982-ին, հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ գրադարանն արժանացավ Խորհրդային Միության ամենապատվավոր շքանշաններից մեկին՝ ժողովուրդների բարեկամության շքանշանին։ Այդ գործում մեծ էր Թիրաբյանի ավանդը։ Ա. Թիրաբյանի գրած շուրջ 3 տասնյակ հոդվածները նվիրված են առօրեական խնդիրներին և հոգսերին, գրադարանների քարոզչությանը։ - Հավելեց Ռ.Ղազարյանը։

ՀԱԳ աշխատակից Ներսես Հայրապետյանը ևս խոսեց կազմակերպված ցուցահանդեսի մասին, ոնն, ի դեպ, կազմակերպել էին մատենագետներ, ովքեր աշխատանքի են ընդունվել Ազգային գրադարան դեռևս Ա.Թիրաբյանի տնօրինության օրոք։ Հանդիպումն ամփոփեց, տարիների ընթացքում գրադարանում և գրադարանային գործում տեղի ունեցած տեղաշարժերի, փոփոխությունների և գրադարանավարի մասնագիտության կարևորության մասին խոսեց ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը։