Հեռախոսահամար
հնվ 24, 2025 Միջոցառումներ
Հայաստանի ազգային գրադարանում դեկտեմբերի 27-ին տոնական տրամադրություն էր տիրում: Ամանորյա ջերմ և տոնական միջոցառմամբ գրադարանն ամփոփեց հիմնադրման 105-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այս հանդիսությունը յուրահատուկ նվեր էր ընթերցողների կողմից՝ շնորհակալական ուղերձ գրադարանավարներին, ովքեր շուրջ տարի իրենց նվիրված աշխատանքով աջակցում են գրադարանի հազարավոր ընթերցողներին և այցելուներին՝ բավարարելով նրանց տեղեկատվական և հետազոտական կարիքները։
«Գրադարանի գոյության համար ամենակարևորը ընթերցողներն են. եթե կան նրանք, կան նաև գրադարաններ, որով նաև հիմնավորվում է այդ կառույցների գոյությունը»,- իր խոսքում նշեց ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը:
Ուրախ երաժշտական ծրագիրը կազմված էր մեր ըներցողներ՝ Շառլոտ Դիլոյանի, Մարիամ Միրզոյանի, Էրիկ Բարսեղյանի, Ինգա Ավետիսյանի, Արման Շիրվանեցու և այլոց կատարումներով: Միջոցառման մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին «Բյուր-Աստղ» նախագծի շնորհալի սաները՝ թավջութակահար Վահե Դանիելյանը, որը Ռուզաննա Ավետիսովայի դաշնամուրային նվագակցությամբ կատարեց Կարլ Դավիդովի «Վալսը», իսկ տաղանդավոր քանոնահարներ Մերի Մուսինյանը և Քրիստինե Ենգոյանը միասին կատարեցին Նիկոլո Պագանինիի «Վենետիկյան վալսը»: Թամանյանական դահլիճը իրենց աշխուժ և կրակոտ կատարումներով մասնակիցների երկարատև ծափողջույններով լցրեցին «Մուշեղ Նազարեթյան և սաներ» հայկական ժողովրդական նվագարանների խմբի պատանի երաժիշտները և նրանց ղեկավարը:
Միջոցառման ջերմ, հյուրընկալ և անկաշկանդ մթնոլորտը մեկ անգամ ևս ընդգծեց ընթերցողների և գրադարանի աշխատակիցների միջև ձևավորված բարեկամական ու հոգատար կապը՝ հիշեցնելով, որ Ազգային գրադարանը ոչ միայն գիտության ու մշակույթի կենտրոն է, այլև համայնքաստեղծ միջավայր։ Ցերեկույթի ծրագիրը վարեցին լրագրող Սիմոն Հովհաննիսյանը և գրադարանի աշխատակից Սրբուհի Հախվերդյանը: