ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ընթերցանության մարաթոն. Բակունցյան ընթերցումներ

ապր 26, 2024 Միջոցառումներ

կյրորեսգրքեր  
 

«Գորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէր, ինչպես Հին ճանապարհի վրա։ Այդ լեզու չէր, այլ՝ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը»։

Մի ամբողջ բակունցյան օր Հայաստանի գրադարաններում հնչեց «այդքան գեղեցիկ ու հնչեղ Կյորեսի լեզուն։ Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը...»։ Ընթերցանության մարաթոնն էր բոլորին համախմբել բակունցյան ընթերցումների շուրջը։

Մարաթոնին միացան Երևանից ու մարզերից, առցանց հարթակը համախմբել էր մարզային բոլոր գրադարաններին, համայնքային գրադարաններին, մասնակցեցին գրողներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, այլ անհատներ։ Բոլոր մասնակիցներն իրար հաջորդելով 5-ական րոպե կարդացին Ակսել Բակունցի «Կյորես»-ը և չքնաղ պատմվածքները՝ «Մթնաձոր», «Միրհավ», «Ալպիական մանուշակ», «Խոնարհ աղջիկը», «Սև ցելերի սերմնացանը», «Ծիրանի փողը», «Մթնաձորի չարքը», «Լառ Մարգարը»։ Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած ամենախոշոր, ընդգրկուն միջոցառումն Ընթերցանության մարաթոնն էր։ Բացման խոսքով մարաթոնը բացեց Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը։    

ՆերսեսՀայրապետյանն

Մարաթոնի մեկնարկը տվեց Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ ողջունելով մարաթոնի բոլոր մասնակցներին և սկսելով Ակսել Բակունցի «Կյորես»-ի ընթերցանությունը։

ԱննաՉուլյանն  
 

ՀայկանուշՂազարյանն

  Այնուհետև «Կյորեսը» շարունակեցին գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը, գրադարանի աշխատակիցներ, ապա միացան Երևանի և մարզերի գրադարանները, անհատներ։ Կյորես-Գորիսից սկսելով և Երևանից մարզ, մարզից Երևան հերթագայելով՝ ընթերցանության մարաթոնը եզրափակեց Երևանը և այն էլ՝ Երևանով. Ազգային գրադարանի աշխատակիցներն ընթերցեցին, Բակունցի ասած՝ «մեր քաղաքի»՝ Երևանի մասին փոքրիկ պատմությունը՝ «Պրովինցիայի մայրամուտը»։ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին նվիրված և ավելի քան 7 ժամ տևած «Բակունցյան ընթերցումներ» ընթերցանության մարաթոնին մասնակցեց Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 90 ընթերցող։

դիանա համբարձումյան

Մեզ միացան Գորիսի՝ Բակունցի տուն-թանգարանից, ընթերցում կազմակերպվեց Գորիսի համայնապատկերի վրա բացվող հարթակից։ Ու թեև «Կյորես»-ն ավարվում է «Մինան լաց էր լինում, և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն...» բառերով, բայց ուրբաթ Կյորեսի ու Բակունցի չքնաղ, վճիտ լեզուն ցնծություն ապրեց հաստատ։