ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Էպոսի լավագույն ընթերցող». խաղ–մրցույթ

մրտ 01, 2024 Միջոցառումներ

Սասունցի Դավիթ
 

Էպոսը խորությամբ ընկալելն ու մանրամասն հիշելը քչերին է հասու։ Եվ առավել քան հաճելի է, որ մեր ժողովրդական էպոսը պատանիների ոգեշնչման աղբյուրն է դառնում։ Այսպիսին էր Հայաստանի ազգային գրադարանում անցկացված «էպոսի լավագույն ընթերցող» խորագրով խաղ-մրցույթի ժյուրիի կարծիքը։

«Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի և առաջին համահավաք բնագրի 85-ամյակի (1939) առթիվ անցկացված խաղ-մրցույթը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամի (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցի աշակերտների «Սասուն», «Առյուծ Մհեր», «Մարաթուկ» թիմերի միջև էր: Երեք թիմերն էլ փայլեցին էպոսի՝ իրենց համակողմանի իմացությամբ: Հաղթեց «Մարաթուկ» թիմը: 1874-ին Գարեգին Սրվանձտյանցը տպագրեց «Գրոց ու բրոց» ավանդությունների ու զրույցների ժողովածուն, որի հավելվածում լույս տեսավ «Սասնա ծռեր» էպոսի՝ իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։

Սասունցի դ
 

Մրցույթի կազմակերպիչ, ՀԱՊՀ ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Կուրղինյանն ընդգծեց. «Սա մեր ազգային հարստությանն անդրադառնալու հրաշալի առիթ է: Միջոցառումը նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խրախուսելու էպոսի ընթերցումը, խթանելու դրա ճանաչումն ու բացառիկ դերի գիտակցումը»: Մրցույթի ժյուրիի նախագահ, գրականագետ, էպոսագետ, բ.գ.թ., ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Հայկ Համբարձումյանը բարձր գնահատեց խաղ-վիկտորինան և էպոսի վերաբերյալ մասնակիցների խոր գիտելիքները, նշելով, որ հոբելյանական միջոցառումներն առիթ են՝ առնչվելու համար մեր մեծ ու գաղափարական արժեքների հետ:

Ժյուրիի անդամ, արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը նշեց, որ խիստ տպավորված, ավելին՝ հիացած է պատանիների՝ էպոսի իմացությամբ, և որ նրանք, իրենց գիտելիքներով ու արժանավայել պահվածքով, ապագայի մեծ հույս են ներշնչում: Մրցույթի մասնակից 16-ամյա պատանիները նշեցին, որ սիրով շատ շուտով Ազգային գրադարանի ընթերցող կդառնան։

Միջոցառմանը զուգահեռ Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում բացվեց հայկական ժողովրդական էպոսին նվիրված գրականության ցուցադրություն։ Ցուցադրված են «Գրոց ու բրոց. Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»-ը, 1936 թվականին Մանուկ Աբեղյանի ձեռամբ կազմված «Սասնա Ծռերի» առաջին և հաջորդ 3 հատորները, «Սասունցի Դավիթ» առաջին՝ «85-ամյա» համահավաք բնագիրը՝ Մհեր Աբեղյանի նկարազարդմամբ, որը կազմել են Մանուկ Աբեղյանը, Արամ Ղանալանյանը, խմբագրել է Հովսեփ Օրբելին։

Ցուցադրության շատ ու շատ այլ բացառիկ նյութերին կարող եք ծանոթանալ Ազգային գրադարանի թամանյանական փոքր ցուցասրահում։