Հեռախոսահամար
հնվ 29, 2025 Նորություններ
Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է հետազոտողներին, դասախոսներին և ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներին մասնակցելու «Ֆրանսիա-Հայաստան. դիվանագիտական և միջմշակութային փոխառնչություններ» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 29-30-ը։ Գիտաժողովի նպատակը Ֆրանսիայի և Հայաստանի պատմական, դիվանագիտական և մշակութային բազմաշերտ հարաբերությունների համակողմանի ուսումնասիրությունն է՝ բազմադարյա երկխոսության համատեքստում։
Թեմատիկ ուղղություններ Պատմական փոխհարաբերություններ: Խաչակրաց արշավանքներ, Կիլիկիա, հայկական դիմադրություն: Դիվանագիտություն: Միջպետական հարաբերություններ, Ֆրանկոֆոնիա, խորհրդարանական համագործակցություն: Միջմշակութային հարաբերություններ: Կերպարվեստ, երաժշտություն, կինո, թատրոն, ճարտարապետություն: Լեզու: Հայագիտական ուսումնասիրություններ և բառագիտություն: Գրականություն: Գրական փոխազդեցություններ և մրցանակներ: Թարգմանաբանություն: Գեղարվեստական թարգմանություններ և արդի նախագծեր: Հրատարակչություն: Հրատարակչական գործի պատմություն, հայ-ֆրանսիական հրատարակչությունների տպագիր ժառանգություն: Ժառանգության պահպանություն: Վերականգնում, թվայնացում, արխիվային գործ:
Հայտի ընդունման պայմաններ Գիտաժողովին զեկուցումով ներկայանալու համար անհրաժեշտ է ուղարկել լրացված մասնակցության հայտը (հավելված 1), զեկուցման համառոտ բնութագիրը (300-500 բառ) և հակիրճ ինքնակենսագրականը (150 բառ) dialogue.armfr@gmail.com էլ. հասցեին մինչև 2025 թ. փետրվարի 3-ը։ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ֆրանսերենը և անգլերենը: Գիտաժողովի մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը հոգում է գործուղող կողմը։