Հեռախոսահամար
հկտ 08, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ
Հայաստանի ազգային գրադարանում այսօր նշվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրը։ Այդ առիթով բացվեց Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի և թանգարանի հիմնադիր, գրող և գրականագետ, գրական և մշակութային գործիչ Ֆելիքս Բախչինյանի հեղինակած և կազմած գրքերի, թարգմանությունների, ինչպես նաև արխիվային նյութերի և լուսանկարների ցուցահանդես։
Ցուցահանդեսում առանձին բաժին էր կազմում Ֆրիտյոֆ Նանսենի գրքերի թարգմանությունների և նրա մասին գրականության բաժինը։
Նանսենի ծննդյան օրը ներկայացվեց ևս մեկ գիրք՝ նվիրված մեծ մարդասերի գործունեությանը։ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի աջակցությամբ վերջերս լույս է տեսել ռուս պատմաբան Տատյանա Բոնդարենկոյի «Ֆրիտյոֆ Նանսեն. առաքելությունը Ռուսաստանում» գրքի հայերեն թարգմանությունը։ Գրքի հեղինակ Տ. Բոնդարենկոն ներկա էր միջոցառմանը և շնորհակալական խոսք ասաց Ֆելիքս Բախչինյանի և բոլոր նրանց հասցեին, ովքեր օժանդակել են գրքի թարգմանությանը։
Ցերեկույթի ժամանակ Ֆ. Բախչինյանի մասին երախտիքի ու հիշատակի խոսք ասացին գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, լեզվաբան Լալիկ Խաչատրյանը և հիմնադրամի աշխատակից Հայարփի Խաչատրյանը։ Հիմնադրամի որոշմամբ Հ. Խաչատրյանը «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ հանձնեց Տատյանա Բոնդարենկոյին։ Ցուցահանդեսը գրադարանում կգործի երկու շաբաթ։ «Ֆրիտյոֆ Նանսեն. առաքելությունը Ռուսաստանում» գիրքը կբաշխվի Հայաստանի հանրային, դպրոցական, բուհական և համայնքային գրադարաններին։