Հեռախոսահամար
հկտ 18, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ
Հայաստանի հանրային գրադարաններում ամենաընթերցված գեղարվեստական գրքերի սեպտեմբերյան տասնյակների ամփոփումը խառը մտորումների տեղիք է տալիս։ Սեպտեմբերյան ընթերցանության պատկերը մեծ հաշվով հար և նման է նախորդ ամիսներին։ Պատճառները բազմաթիվ են, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը։
Գրադարանների ցուցակներում գերակշռում են հայ դասական հեղինակները (Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Նար Դոս, Մուրացան, Զոհրապ, Ալեքսանդր Շիրվանզադե), որոնց ստեղծագործությունները դպրոցականները կարդացել են ամառային արձակուրդի շրջանում։ Վերջին տարիներին համայնքային գրադարանների ընթերցողների բացարձակ մեծամասնությունը կազմում են դպրոցական տարիքի ընթերցողները և բուհերի ուսանողները։ Հետբուհական տարիքի ընթերցողների տեսակարար կշիռը գրադարաններում կտրուկ անկել է։ Պատճառները բազմաթիվ են՝ ընթերցողների սոցիալական վիճակ, նոր լույս տեսնող գրականությամբ գրադարանների համալրման բացակայություն, հաղորդակցության թվային միջոցների աճ, գրադարանային ծառայությունների ընդլայնման անհրաժեշտություն և այլն։
Ուսումնական գրականությունից բացի ամենաշատ սպասարկված գրքերի տասնյակում են նաև Ագաթա Քրիստիի, Ալեքս Մայքլիդիսի, Ալեքսանդր Դյումա որդու, Աշոտ Աղաբաբյանի, Դեն Բրաունի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Կոստան Զարյանի, Խալեդ Հոսեյնիի, Ռուբեն Եսայանի, Ուիլյամ Սարոյանի և այլ հեղինակների վեպերը։ Թոփ տասնյակի առաջին երեք գրքերն են Րաֆֆու «Խենթը», Աշոտ Աղաբաբյանի «Հովազ 1-2»-ը և Նար Դոսի «Սպանված աղավնին»։
Գրադարանների մանկական բաժիններում ամենաբարձր պահանջարկն ունեն Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները», Ղազարոս Աղայանի «Անահիտ», Հադսոն Բառնեթի «Խորհրդավոր պարտեզ», Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր», Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Օլեշայի «Երեք հաստլիկները», Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադե գործարանը», Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» և այլ գրքեր։