Հեռախոսահամար
հկտ 07, 2025 Նորություններ Հայաստանյան տասնյակ
Հայաստանի ազգային գրադարանի՝ Հայաստանի մարզային և երևանյան հանրային գրադարաններում ամենաշատ սպասարկված գեղարվեստական գրականության ամենամսյա տասնյակների հրապարակմանը հետևողները նկատած կլինեն, որ այդ ցուցակներում հայ հեղինակների և թարգմանական գրքերը հավասար մրցակցում են։ Սակայն հունիսը տարբեր է։ Հունիսյան տասնյակում 9 հայ և մեկ այլազգի հեղինակ ունենք։
Ամենաշատ պատվիրված գրքերի ցանկի առաջատար հնգյակում են Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը, Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» վեպը և Ակսել Բակունց պատմվածքները։ Տասնյակում տեղ են գտել նաև Րաֆֆին, Դերենիկ Դեմիրճյանը, Գուրգեն Մահարին և Վախթանգ Անանյանը։ Միակ արտասահմանյան հեղինակը Էլիֆ Շաֆաքն է՝ «10 րոպե 30 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» գրքով։ Ցուցակը կազմվել է Հայաստանի ազգային գրադարանի, բոլոր 10 մարզային գրադարանների, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի և իր մասնաճյուղերի, Աջափնյակի Շառլ Ազնավուրի անվան գրադարանի, Շենգավիթի թիվ 32 գրադարանի, Հրազդանի, Վեդու, Սպիտակի, Ստեփանավանի քաղաքային և համայնքային գրադարանների տրամադրած տվյալներով։
Գաղտնիք չէ, որ հանրային գրադարաններում գեղարվեստական և ուսումնական գրականությունը ամենամեծ պահանջարկն ունեն։ Մեր հարցումները ցույց են տալիս, որ առավել շրջանառություն ունեն նոր լույս տեսած գրքերը, որոնք թե՛ նոր են բովանդակային առումով, թե՛ անհամեմատ ավելի գրավիչ են ու գունեղ և լույս են տեսնում ժամանակակից ընթերցողի համար ավելի ընթեռնելի տառատեսակներով։