Հեռախոսահամար
մրտ 24, 2026 Միջոցառումներ Գրական հանդիպումներ

Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է հրատարակիչների հետ հանդիպումների Խորհուրդ են տալիս հրատարակիչները I Գրքային նորություններ newmag-ից շարքը, որի նպատակն է ընթերցողներին և գրադարանավարներին ներկայացնել ժամանակակից հրատարակչական դաշտի նոր միտումները, լավագույն գրքային առաջարկները և ընթերցանության արդի ուղղությունները։ Շարքի հերթական հանդիպման հյուրն էր Newmag հրատարակչությունը։ Հրատարակչության գրքային նորությունները, առաջիկա ծրագրերը և ամենապահանջված հրատարակությունները ներկայացրեց Newmag-ի գրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հրատարակչության տարբեր մատենաշարեր և հրատարակչական ուղղություններ։ Դասական և ժամանակակից ամերիկյան գրականության շարքում առանձնացվեցին Ջոան Դիդիոնի «Մոգական մտքերի տարին» և Ջոնաթան Ֆրենզենի «Խաչմերուկները» վեպերը, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողների շրջանում։
Խոսվեց նաև եվրոպական գրականության շարքի մասին, որի շրջանակում հայ ընթերցողին են ներկայացվում ժամանակակից եվրոպացի հեղինակների կարևոր ստեղծագործություններ, մասնավորապես Էլենա Ֆերանտեի շարքը։ Ներկայացվեց նաև ֆրանկոֆոն գեղարվեստական գրականության հայերեն թարգմանությունները։ Առանձնահատուկ հպարտությամբ ներկայացվեց և ուշադրության արժանացավ նաև Շառլ Ազնավուրին նվիրված հրատարակությունների շարքը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ոչ գեղարվեստական գրականության շարքը, որտեղ ընդգրկված են ինքնազարգացման, բիզնեսի, հոգեբանության և հասարակական թեմաներին նվիրված գրքեր, ինչպես նաև հուշագրություններ և տարբեր ոլորտների հայտնի մարդկանց կենսագրական պատմություններ։ Ներկայացվեցին նաև սպորտային թեմատիկայով հրատարակությունները, որոնք պատմում են աշխարհահռչակ մարզիկների կյանքի, հաղթանակների և փորձառության մասին։ Առանձին անդրադարձ կատարվեց նաև «Երազ» մանկական մատենաշարին, որը նախատեսված է փոքրիկ ընթերցողների համար և նպատակ ունի երեխաներին մոտեցնել գրքին՝ ներկայացնելով հետաքրքիր ու պատկերազարդ պատմություններ։
Անի Հակոբյանը ներկայացրեց նաև հայ հեղինակների ստեղծագործությունները, որոնք վերջին տարիներին կարևոր տեղ են զբաղեցնում հրատարակչության ծրագրերում։ Նշվեցին Սյունե Սևադայի, Սուսաննա Հարությունյանի, Դավիթ Գևորգյանի, Մարիաննա Հակոբյանի, Հերմինե Ավագյանի, Նարինե Կռոյանի և Նարինե Աբգարյանի գրքերը, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողների շրջանում և պահանջված են։ Հանդիպումը հնարավորություն տվեց մասնակիցներին՝
🔹 ծանոթանալու հրատարակչության նոր գրքերին և հեղինակներին
🔹 տեղեկանալու ժամանակակից ընթերցողական պահանջներին համապատասխան գրականությանը
🔹 անմիջապես հարցեր ուղղելու հրատարակչության ներկայացուցչին և ստանալու մասնագիտական պատասխաններ
🔹 քննարկելու գրադարանների ֆոնդերի համալրման և հետագա համագործակցության հնարավորությունները
Հանդիպումների շարքը նախատեսված է ինչպես Ազգային, այնպես էլ համայնքային, քաղաքային և մարզային գրադարանների աշխատակիցների, ինչպես նաև ընթերցող լայն հանրության համար՝ նպաստելով գրադարանների և հրատարակիչների համագործակցության ամրապնդմանը և նոր գրքերի ավելի լայն տարածմանը։
