ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆրանկոֆոնիայի երկամսյակ․ Մանուշյան 120՝ գրական ցուցադրություն Ազգային գրադարանում

մրտ 27, 2026 Նորություններ

IMG-0387-1-1

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում, ֆրանսահայ բանաստեղծ Միսաք Մանուշյանի ծննդյան 120-ամյակի առթիվ, Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնում կբացվի գրականության ցուցադրություն։ Ապրիլի 6-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնի ընթերցասրահում (Թամանյան մասնաշենք, 3-րդ հարկ) այցելուներին կներկայացվեն Մանուշյանի բանաստեղծությունները, ինչպես նաև նրա կյանքին ու գործունեությանը նվիրված արժեքավոր հրատարակություններ՝ բացահայտելով նրա բազմաշերտ ստեղծագործական և մարդկային կերպարը։

Ցուցադրության բացման շրջանակում «Միսաք Մանուշյան․ ազատության և պատկանելության միջև» խորագրով զեկույցով հանդես կգա արվեստաբան, Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնի աշխատակից Աիդա Հարությունյանը՝ անդրադառնալով Մանուշյանի կյանքի, պայքարի և գրական ժառանգության կարևոր դրվագներին։ Միսաք Մանուշյանը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդներից մեկը և անմահ «Կարմիր պաստառի» հերոս, հայ և ֆրանսիական մշակույթների միջև առանձնահատուկ կամուրջ է։ Նրա կյանքն ու ստեղծագործությունը մարմնավորում են ազատության, արդարության և մարդկային արժանապատվության գաղափարները։

Այս հանդիպումը հրաշալի հնարավորություն է վերարժևորելու Մանուշյանի գրական ժառանգությունը և նորովի բացահայտելու նրա կերպարը։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում միասին արժևորենք հայ-ֆրանսիական ընդհանուր արժեքները։

Հայաստանի ազգային գրադարան Արվեստի բաժնի ընթերցասրահ Թամանյան մասնաշենք, 3-րդ հարկ Մուտքը՝ ազատ Լրացուցիտ տեղեկության համար՝ 033 62 35 13 #Ֆրանկոֆոնիա_2026 #Միսաք_Մանուշյան #Մանուշյան_120