Հեռախոսահամար
ապր 16, 2026 Նորություններ

Ապրիլի 20-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում կկայանա հանդիսավոր ցերեկույթ՝ նվիրված անվանի գրադարանագետ, մատենագետ, ՀԳԱ փոխնախագահ, Հայաստանի ազգային գրադարանի երկարամյա փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի ծննդյան 80-ամյակին։ Միջոցառումը կազմակերպվում է Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում՝ նպատակ ունենալով արժևորել Ռաֆիկ Ղազարյանի բազմամյա վաստակը, գիտական ժառանգությունն ու ներդրումը հայկական գրադարանագիտության և մատենագիտության զարգացման գործում։
Միջոցառման շրջանակում կբացվի նաև գրականության ցուցադրություն, որտեղ հինգ տարբեր ցուցափեղկերում կներկայացվեն Ռաֆիկ Ղազարյանի տարբեր տարիների շուրջ 80 հրատարակություններ՝ ներառյալ գրքեր և մամուլի հոդվածներ։ Ռաֆիկ Ղազարյանը 1971 թվականից իր գործունեությունը կապել է Հայաստանի ազգային գրադարանի հետ, իսկ 1995 թվականից զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը։ 2004 թվականին ընտրվել է Հայկական գրադարանային ընկերակցության փոխնախագահ։ Նրա հեղինակած և խմբագրած աշխատությունները կարևոր տեղ են զբաղեցնում հայկական գրադարանագիտության մեջ։
Հայաստանի ազգային գրադարան Մեծ դահլիճ Մուտքը՝ ազատ։
