Հեռախոսահամար
սպտ 03, 2024 Միջոցառումներ Կինոակումբ
Բրիտանացի գրող Ռութ Ռենդելն այսպես է սկսել իր «Քարե դատավճիռ» վեպը. «Էվնիկե Փարչմանը սպանեց Քովերդեյլ ընտանիքին, որովհետ գրել-կարդալ չգիտեր»: Ֆրանսիական նոր ալիքի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Կլոդ Շաբրոլը զարգացրեց Ռենդելի՝ 1977-ին ստեղծած այս դեդեկտիվի հոգեցունց մոտիվները: Շաբրոլը Ագաթա Քրիստիի արժանավոր հետևորդ և Էդգար Պոյի մրցանակի բազմակի դափնեկիր գրողի վեպի հիման վրա 1995-ին նկարահանեց իր գլուխգործոցը՝ «Արարողություն» հոգեբանական թրիլերը: Հենց այս ֆիլմն էլ Հայաստանի ազգային գրադարանում՝ Սինե-ակումբի հերթական ցուցադրությանը դիտեցին կինոսիրողերը։ Մեծ հափշտակությամբ դիտված ֆիլմը բուռն քննարկումների առարկա դարձավ:
«Էս ինչ էր, էս ինչ է անում էս մարդը, էս ինչ խենթություն էր»,- այս հռետորական հարցն էր կինոդիտողի շուրթերին: Կինոդիտումից ցնցված հանդիսատեսներն ընդգծում էին, թե համոզվեցին, որ Կլոդ Շաբրոլն իրոք հոգեբանության տեսանկյունից ամենասարսափելի ֆիլմերն է ստեղծել: «Շաբրոլն ամենսովորական իրավիճակները սարսափի, սարսափելի հանգուցալուծման է հանգեցնում»,- հիացած նշում էր կինոսիրող մի կին: Պատահական չէ, որ Իզաբել Յուպերի և Սանդրին Բոների գլխավոր դերակատարմամբ ֆիլմը բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ է ստացել. Վենետիկի կինոփառատոնի, Տորոնտոյի կինոփառատոնի, Սեզար մրցանակ և այլն։
Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։ Կինոակումբի հերթական ցուցադրությունը սեպտեմբերի 24-ին՝ 19:00-ին է: Մուտքն ազատ է։