Հեռախոսահամար
հնս 16, 2026 Կինոակումբ
p style="text-align:center;"> 
Հայաստանի ազգային գրադարանում «Սինե ակումբի» հերթական ցուցադրության շրջանակում ներկայացվեց ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Ֆեյդերի համր կինոյի գլուխգործոցներից մեկը՝ «Visages d’enfants» («Երեխաների դեմքերը», 1925) ֆիլմը։ Ֆիլմը պատմում է մոր կորուստը ծանր ապրող փոքրիկ Ժանի մասին, ով դժվարությամբ է հաշտվում հոր նոր ընտանիք կազմելու որոշման հետ։ Երեխայի ապրումները, ներքին պայքարը, խանդն ու ցավը ներկայացված են բացառիկ հոգեբանական խորությամբ, ինչի շնորհիվ ֆիլմը մինչ օրս համարվում է մանկության մասին նկարահանված ամենաիրատեսական և հուզիչ կինոնկարներից մեկը։
Թեև ֆիլմը նկարահանվել էր 1923 թվականին, այն էկրան բարձրացավ 1925-ին և անմիջապես արժանացավ միջազգային ճանաչման։ Ժամանակի կինոքննադատները այն անվանել են համաշխարհային կինոյի գլուխգործոց, իսկ Ճապոնիայում ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն եվրոպական ֆիլմ։ Հատկանշական է նաև գլխավոր հերոսի դերակատար Ժան Ֆորեստի բնական և անկեղծ խաղը, որը մինչ օրս համարվում է համր կինոյի լավագույն մանկական դերակատարումներից մեկը։
Շվեյցարական Ալպերի գեղատեսիլ բնապատկերների ֆոնին նկարահանված ֆիլմը տպավորում է ոչ միայն իր պատմությամբ, այլև բացառիկ կինեմատոգրաֆիայով։ Բնությունն այստեղ պարզապես միջավայր չէ, այլ պատմության լիարժեք մասնակից՝ արտացոլելով հերոսների զգացմունքներն ու ներաշխարհը։ Հատկապես հիշարժան են ձնառատ լեռնային տեսարանները, որոնք ֆիլմին հաղորդում են գեղանկարչական յուրահատկություն։
Գրեթե մեկ դար անց «Visages d’enfants»-ը շարունակում է հուզել և հետաքրքրել հանդիսատեսին՝ ապացուցելով, որ մարդկային զգացմունքների, ընտանեկան հարաբերությունների և կորստի մասին պատմությունները ժամանակի սահմաններ չեն ճանաչում։ Այս ֆիլմը համարվում է ոչ միայն ֆրանսիական, այլև համաշխարհային կինոարվեստի կարևորագույն էջերից մեկը և շարունակում է իր արժանի տեղը զբաղեցնել կինոյի պատմության լավագույն ստեղծագործությունների շարքում։
