ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | սեպտեմբեր

հկտ 06, 2023 Նորություններ Հայաստանյան տասնյակ

September bookmap in Armenian 
 

Հայաստանյան գրքային տասնյակները, ինչպես ամռան ամիսներին, հիմնականում պայմանավորվել են դպրոցական ծրագրով հանձնարարված գրականության ընթերցմամբ, սակայն հուլիս-օգոստոսի համեմատ՝ առավել նվազ չափով։ Սեպտեմբերյան ցուցակները շատ բազմազան են։ Ներկայացված է 70 հեղինակի 96 գրական գործ։ 

Քաղաքային գրադարաններում ամենից շատ կարդացվող հեղինակներն են Նար-Դոսը, Րաֆֆին, Ագաթա Քրիստին, Էրիխ Մարիա Ռեմարկը, Խալեդ Հոսեյնին, Ջոն Գրինը և ուրիշներ։ Ագաթա Քրիստիի՝ ցուցակում ընդգրկված քրեական վեպերից 11-ը տասնյակի կազմմանը մասնակից գրադարաններում սպասարկվել են 200 անգամ։ Նրա «Դիակը գրադարանում» և «Սպանություն այբենական կարգով» քրեավեպերը ամենաշատ ընթերցված գրքերի տասնյակում են։ Երիտասարդության ամենասիրելի հեղինակների ցուցակում կրկին առաջատար է Էրիխ Մարիա Ռեմարկը, որի «Երկինքն ընտրյալներ չունի», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», «Երեք ընկեր», «Հաղթական կամար» և «Արևմտյան ճակատում նորություն չկա» գրքերը սեպտեմբերին ընթերցողները 108 անգամ են կարդացել։ 

Ալեքս Մայքլիդիսը, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Գուրգեն Խանջյանը, Գուրգեն Մահարին, Խալեդ Հոսեյնին, Մարկ Լևին, Նարինե Աբգարյանը, Ջոն Գրինը և Ջոջո Մոյեսը ներկայացված են երկուական, իսկ Ուիլյամ Սարոյանը՝ երեք գրքով։ Ցուցակներում պոեզիայի երաշտ է։ Նախորդ ամիսների պես ցուցակում ընդամենը մեկ-երկու բանաստեղծական ժողովածու կա։ Ժամանակն ամենևին պոետական չէ։ Ժամանակակից ընթերցողը հավանաբար իր բանաստեղծական «քաղցը» հագեցնում է համացանցային գրական էջերում նավարկելով։